Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը

- in Հասարակություն
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին` ժամը 13:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ) Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման:
Հանրային դատավարության ընթացքում կքննվեն`1. ՀՀ նախկին կառավարության և պետական լիազոր մարմինների` ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ Արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար2. «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Վալլեքս» խմբի կողմից ՀՀ օրենսդրական պահանջների չպահպանումը

3. Սոցիալական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական ռիսկերի չգնահատման արդյունքում ստեղծված իրավիճակը:

Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների նպատակն է` Հայաստանում մինչ օրս անպատիժ մնացած ծանր էկոլոգիական հանցագործությունների նկատմամբ հանրային արդարադատություն իրականացնել և հանրային դատարանի վճիռն ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին` դրանց ընթացք տալ և նախորդ կառավարությունների օրոք` տնտեսվարողներին գործունեության համար ապօրինի և անպատասխանատու թույլտվություն տված մարմինների իրավազանց պաշտոնյաներին պատասխանատվության կանչել:

https://www.ecolur.org/hy/news/mining/—/10932/

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն