ՀՀ քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը. Քննարկվելու է ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցը

- in Պաշտոնական

Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

«Տեղի ունեցած ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասաց նախարարը:

Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա տոնը կնշվի ապրիլի 25-ին՝ կիրակի:

«Որևէ հատուկ ոչ աշխատանքային օր չի նշվում այս նախագծով»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ոչ աշխատանքային օրերը, հատկապես Ամանորին հաջորդող օրերը կրճատելու հետ կապված հարցը պետք է դրվի հասարակական լայն քննարկման:

Կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ գաղափարը բավականին հին է, կարծում եմ, որ կարիք ունենք այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա: Իմ անձնական կարծիքն այն է, որ այդտեղ խնդիր ունենք: Սա մի հարց է, որ պետք է լայն հանրային քննարկում անցնի, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...