Հյուսիսային պողոտայի հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ. Երեւանի ավագանին որոշում ընդունեց

- in Հասարակություն

Երեւանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն այսուհետ անվանակոչվելու է Եվրոպայի հրապարակ։ Որոշումն այսօր ընդունվեց Երեւանի ավագանու նիստում:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն առաջարկություն էին ներկայացրել քաղաքապետարան՝ Երեւանի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:

Նիստի օրակարգում ընդգրկված նախագծում նշվում է. «2019 թվականին նշվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հիմնադրման 70-ամյակը: Այս հոբելյանը տեսանելի եւ հիշարժան դարձնելու համար ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝ կառույցը տեղակայած Ստրասբուրգ քաղաքում եւ ԵԽ անդամ երկրներում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար: Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018թ. հունիսի 20-ի նիստին մասնավորապես առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որեւէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ: Հաշվի առնելով՝ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ եւ օրինակելի համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության դերի եւ կշռի բարձրացման գործում, Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին եւ դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարեւոր վկայություն կհանդիսանա»:

Սույն թվականի մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողությունը:

Հյուսիսային պողոտայի հրապարակը Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը ավագանին ընդունեց 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: