Մադրիդյան սկզբունքների պարտադրումը պատերազմ է սանձազերծելու. Սպաների համահայկական միության հայտարարությունը

- in Հասարակություն
paterazm

Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հայտարարության.

Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորումը Միությունը համարում է անընդունելի, քանի որ դրանք ի սկզբանե  հակահայկական են, հեռու են  կոնֆլիկտի տրամաբանությունից , բուն էությունից ու չեն կարող հարատև խաղաղություն հաստատել: ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքների ընդունման համառ և շարունակական պնդումները հիմք են տալիս Սպաների համահայկական միությանը եզրակացնելու, որ այդ կառույցը որդեգրել է թուրք-ադրբեջանական տարածապաշտական, հայահալած, ցեղասպան քաղաքականությանը աջակցելու ուղին։ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող սահմանագիծը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի, հայ ազգաբնակչությանը հերթական անգամ ցեղասպանության ենթարկելու գործողություններին հայկական ուժերի հակադարձման արդյունք է և ամրագրված է 1994 թ. մայիսին ստորագրված Զինադադարի մասին համաձայնագրով:

Արտաքին դերակատարների անմիջական միջամտությունը և ենթադրվող նման նախաձեռնությունները պետք է ճանաչվեն անիրականանալի և լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնող: Առկա ստատուս-քվոյի երկարատև կենսունակությունը որոշակիորեն ճանաչված է Մինսկի խմբի կողմից, և նա ջանքեր պետք է գործադրի միջազգային իրավունքի շրջանակներում այն ձևակերպելու համար,  վերականգնի բանակցությունների խեղաթյուրված ձևաչափը և ապահովի Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմերից մեկի մասնակցությունը բանակցություններում: Ստեղծված իրականության մեջ Արցախը պետք է նաև ներկայացնի Ադրբեջանի հայ համայնքի շահերը՝ որ ստիպված է եղել լքել երկրի տարածքը ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների պատճառով և մասամբ բնակվում է Արցախի Հանրապետությունում: Հակամարտության լուծումը պահանջում է միջազգային իրավունքի շրջանակներում Ճանաչել Արցախի կարգավիճակը առկա սահմաններում և  Արցախի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի սահմանը։ Ընդունելով կարգավորման այս սցենարը, Սպաների համահայկական միությունը

Հայտարարում է

Հայ ժողովուրդն  այսօր առավել քան երբեվէ համախմբված է, քաջ գիտակցում է առկա սպառնալիքները, մարտահրավերները և պատրաստ է դիմակայելու դրանք: Մադրիդյան սկզբունքների պարտադրումը անխուսափելիորեն նոր, ավելի արյունահեղ և ողջ տարածաշրջանը ապակայունացնող պատերազմ է սանձազերծելու, ինչի պատասխանատվությունն ամբողջապես կրելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...