Մարիամ Փաշինյան. Ես ակամայից եմ հայտնվել այդ միջավայրում ու հնարավոր է լինեմ քաղաքականության մեջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ՀՀ վարչապետի ավագ դուստրն է՝ Մարիամ Փաշինյանը: Վերջինս պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, իսկ մինչ այդ՝ մի քանի հարց է ուղղել հաղորդավարը:

Հաղորդավարը հարցրեց, թե ինչու՞ վարչապետի դուստրը որոշեց ծնողների հետ մեկնել Բրյուսել, երբ պաշտոնական այցով այնտեղ էր մեկնում Նիկոլ Փաշինյանը, նաեւ ինչու՞ այդ այցին հաջորդեց դեպի Արցախ այցը, երբ կառավարական ինքնաթիռից դուրս եկավ նրանց ամբողջ ընտանիքը, այդ թվում եւ ինքը:

«Բրյուսելյան այցի մասին ասեմ, որ ես չեմ խնդրել ինձ իրենց հետ տանեն Բրյուսել, ինձ համար տարբերություն չկա ես կմեկնեմ կամ ոչ, կամ ինչով կմեկնեմ: Առաջարկն արել է հայրս ու ես ընդունել եմ առաջարկը, որովհետեւ ունենք միմյանց հետ շփվելու խնդիր, չենք հասցնում իրար տեսնել: Ծնողներս անընդհատ աշխատում են, ես նույնպես, չենք հասցնում ընտանեկան շփմանը ժամանակ տրամադրել: Մայրս այդ մասին արդեն խոսել է ու նույն պատճառներն են»,- ասաց Մարիամ Փաշինյանը:

Հաղորդավարը այս խոսքերին ի պատասխան նշեց, որ հենց այդ միտքն ավելի շատ քննադատությունների է արժանացել, երբ նույն պատճառներն էր նշում Աննա Հակոբյանն ու ասում, որ ինքնաթիռն այսպես թե այնպես մեկնելու էր ու չկար տարբերություն դուստրը կմեկներ, թե ոչ:

Ի պատասխան, Մարիամ Փաշինյանն ասաց, որ կարծում է՝ մարդիկ պարզապես քննադատելու առիթ են փնտրում: Նաեւ հավելեց, որ իր հյուրանոցային համարի համար վճարվել է անձնական միջոցներից, թանկ գնումներ ու այլ հաճույքներ չեն եղել:

«Կարծում եմ, որ այլեւս ոչ մի տեղ չեմ մեկնի ծնողներիս հետ, քանի որ պաշտոնական միջավայրն ինձ ահավոր ճնշում է, այսուհետ միայնակ կճամփորդեմ, թեպետ կարծում եմ, որ իմ դեպքում դա այնքան էլ չի հաջողվի: Ես կուզեի, որ մամուլի քննադատությունները ավելի շատ տնտեսական, հասարակական խնդիրների շուրջ լինեն, այս քննադատությունները չեմ հասկանում»,-ասաց վարչապետի դուստրն ու հավելեց, որ մամուլի աշխատանքը բացասական է գնահատում, որովհետեւ կարդում է միայն բամբասանք:

Հնարավոր է՝ Մարիամ Փաշինյանին ապագայում տեսնենք քաղաքականության մեջ:

Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի եթերում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Նա նշեց, որ այդ միջավայրում է հայտնվել ակամայից, իր հայրն է զբաղվել եւ զբաղվում քաղաքականությամբ, մայրը, լինելով լրագրության մեջ, անպակաս է եղել քաղաքական թեմաներից, ինքը մանկուց ակամայից եղել է ցույցերի, հանրահավաքների մեջ, տեսել այդ ամենը, իր կամքից անկախ է հայտնվել այդ ամենի մեջ ու չի բացառում, որ ապագայում զբաղվի քաղաքականությամբ:

Օգտատերերից մեկի հարցին էլ, թե ինչ փոխվեց իրենց կյանքում հեղափոխությունից առաջ եւ հետո, Մարիամ Փաշինյանն ասաց, որ դժվարությամբ են հարմարվել հատկապես տեղափոխությանը, որովհետեւ սիրում էին իրենց թաղամասը, իրենց հին տունը, իսկ նոր բնակարանում պաշտոնական միջավայր է, ամեն ինչ խիստ է ու պաշտոնական, ու իրենց ընտանիքը, հատկապես երեխաները, դժվարությամբ են հարմարվել նոր միջավայրին: Բացի այդ, այդ տունը չեն համարում իրենցը, այդ տան ոչ մի գույք իրենց չի պատկանում, մինչդեռ նախորդ տանն ամեն ինչ իրենցն էր ու հարազատ:

Փաշինյանների նախկին տանն այժմ այլ ընտանիք է բնակվում:

Վարչապետի դուստրը խոսեց աղքատության ու դրա հաղթահարման մասին, նաեւ կոռուպցիայի ու թալանի, կանանց նկատմամբ բռնության ու դրա վիճակագրության:

Օգտատերերից մեկի հարցին ի պատասխան նշեց, որ մի քանի տարի անց չի կարող ասել, թե ինչ միջավայրում կլինի, ինչով կզբաղվի, պլանավորել չի սիրում, բայց կարող է հստակ ասել, որ կլինի անպայման Հայաստանում:

Մարիամ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ շատ է սիրում երեւանյան երեկոները, սիրում է գարունը, վերջին կարդացած գիրքը Բարաք Օբամայի հեղինակած գիրքն է, նորմալ է մոտենում քննադատություններին, «սրտին մոտ» չի ընդունում վիրավորանքները, ֆեյքերի ուղղած խոսքերը:

Օգտատերերից մեկը հարցրել էր, թե պատրաստվու՞մ է արդյոք, Մարիամը կրկին կինո գնալ Արթուր Վանեցյանի որդու հետ, ինչին ի պատասխան վերջինս նշեց, որ Արտյոմի հետ շատ լավ ընկերներ են ու հարցի հեգնական տոնը կամ իմաստը այդքան էլ լավ չի հասկանում:

Ասուլիսն ամբողջությամբ՝ Ազատություն Ռ/Կ-ի տեսանյութում:

«Ֆեյսբուքյան ասուլիս» Մարիամ Փաշինյանի հետ. 18.03.2019

«Ֆեյսբուքյան ասուլիս» Մարիամ Փաշինյանի հետ. 18.03.2019

Posted by Ազատություն ռադիոկայան on Monday, March 18, 2019