Մարտի 1-ի զոհերից մեկի մայրը բողոքի ցույց է անում. Կողքին շիշ ու լուցկի է դրված – Լուսանկարներ

vanadzor

Լոռու մարզպետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա է իրականացրել մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը:

ՀԺ-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ կինը, տղայի լուսանկարը ձեռքին, նստած է եղել Հայքի հրապարակի աստիճաններին ու պահանջել հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:

Լրագրողների հետ շփվել տիկին Ջեմման հրաժարվել է՝ նշելով, որ հիասթափված է ոչ միայն նախկին ու ներկա իշխանութուններից, այլ նաեւ հոգնել է լրագրողներին նույն բանն ասելուց:

Կնոջ կողքին դրված է եղել պլաստմասսե շիշ, ձեռքին՝ լուցկի: Տեղում ծառայության են եղել ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները: Բաժնի պետ Վազգեն Թորոսյանը կնոջ հետ բանակցել է, լսել խնդիրն ու հորդորել ավելորդ քայլերի չդիմել:

Տիկինը պահանջել է հանդիպում մարզի ղեկավարի հետ, որի միջոցով ինքը կարող է կապ հաստատել ՀՀ վարչապետի հետ:

Շուրջ 1 ժամ անց մարզպետն իջել է կնոջ մոտ ու միասին բարձրացել են իր աշխատասենյակ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...