Մուրազին հեռախոսազրույցներ է ունեցել Օսիպյանի հետ եւ թախանձագին խնդրել դրա մասին չհայտարարել

- in Պաշտոնական

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»: Մինչ այդ նա նամակ էր ուղարկել ոստիկանության պետին՝ ակնարկելով, թե ինչ-որ ֆեյքեր սպառնացել են իրեն: Այս մասին ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ:

Դրանից հետո, նշվում է պարզաբանման տեսքտում, Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետը ոստիկանության պետի հանձնարարությամբ կապ է հաստատել Մուրազիի հետ և առաջարկել, որ նա ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հաղորդում ներկայացնի համացանցում իրեն սպառնալու մասին:

«Շատ չանցած, տրամաբանական այս գործողության փոխարեն Մուրազին իր էջում տեղադրում է վերոնշյալ գրառումը, որին ի պատասխան ՀԿԼՎ պետը գրառում է անում՝ ներկայացնելով իր հիշյալ առաջարկն ու ենթադրություն անելով, որ նման պարագայում իրավապահ կառույցին չդիմելը կարծել կտա, որ Մուրազիի ասածները զուտ աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ են հետապնդում:

Կասկածները շուտով հաստատվեցին. Բորիս Մուրազին սկսեց հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին՝ իրեն ուղղված մտացածին սպառնալիքները «հիմնավորելու» համար հիմա էլ հղում անելով ոստիկանության պետի հետ հեռախոսազրույցին: Ընդ որում, այս հղման «առանցքը» Մուրազիի խիստ զարմանքն է, թե ոստիկանության պետը զանգել է իրեն, և ակնարկը, թե դա աննախադեպ էր:

Իրականում զարմանալի ոչինչ չկա. Վալերիյ Օսիպյանը վերջին տարիներին, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, անմիջական շփումներ է ունենում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչը հենց իրենք՝ լրագրողները կհաստատեն, ավելին՝ լրագրողներից շատերն ունեն նրա հեռախոսահամարը և մեկ անգամ չէ, որ զանգել ու խոսել են ոստիկանապետի հետ: Մուրազիի զարմանքը գուցե նրանից է, որ ինքն ու իր կայքը երբեք լրագրողական ակտիվ գործունեությամբ աչքի չե՞ն ընկել:

Չնայած ավելի հակված ենք կարծելու, որ այդ «զարմանքն» ընդամենը հնարք է, քանի որ Մուրազին էլի հեռախոսազրույցներ ունեցել է ոստիկանապետի հետ, ընդ որում, թախանձագին խնդրելով, որ այդ խոսակցությունների մասին ոչ մեկը չիմանա: Այս հանգամանքը ստիպված ենք հանրայնացնել, քանի որ հենց ինքն է «ոտնահարել» իր խնդրանք-պայմանը…

Ավելին՝ իր հիշատակած հեռախոսազրույցի վերաբերյալ նկատենք, որ ոստիկանապետի զանգից հետո ինքն է հետ զանգել, ասել, թե ուշ ժամ է, և երբ ոստիկանապետն առաջարկել է ընդհատել խոսակցությունը, Մուրազին չի համաձայնել, ու հեռախոսազրույցը շարունակվել է…

Ավելին՝ կարծում ենք, Բորիս Մուրազին չի ժխտի նաև ոստիկանության պետի հետ հանդիպելու իր նախկին ցանկություն-խնդրանքները…

Ինչ վերաբերում է ոստիկանության պետի հետ խոսակցության վերաբերյալ նրա գրության մեջ արված խորհրդավոր ակնարկներին, ապա եղել է ընդամենը հետևյալը. ոստիկանության պետը հարցրել է, թե ինչու են իր և ոստիկանության մասին անհիմն տեղեկատվություն տարածում, Մուրազին պատասխանել է, թե իր աղբյուրներն են այդպես ասում, իսկ ոստիկանության պետի հարցին, թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, չի պատասխանել…

Սրանք են բոլոր «խորհրդավոր մանրամասները»:

Եվ այս ամենը՝ խորհրդավորության պատրանք ստեղծելը, մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելը, չեղած բանից աղմուկ սարքելը, համոզված ենք, որոշակի նպատակներ է հետապնդում: Ուստի կրկին կոչ ենք անում զբաղվել ազնիվ լրագրությամբ ու մեկ անգամ ևս հաստատում ենք, որ ոստիկանությունը, իր գործառույթներին հավատարիմ, պատրաստ է հետամուտ լինել իրականության բացահայտմանն ու պաշտպանել ցանկացածին», – ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սպառնում է իրեն եւ իր ընտանքին։ Սպառնալիքն ուղիղ Օսիպյանի ձայնով եւ նրա շուրթերից չի հնչել, սակայն եղել է միջնորդավորված, ասել է նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...