Մրցակիցներիս մեծ մասը պատահական հայտնված մարդիկ են. Դավիթ Մաթևոսյանը՝ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասին

- in Մամուլ

Մարտի 12-ից Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովը նախագահ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ ծանոթանում է մրցույթի մասնակիցների հետ: Ռադիոյի տնօրենի թեկնածուները հերթով հրավիրվում են հանձնաժողովի անդամների մոտ, ընդհանուր զրուցում եւ մանրամասն ներկայացնում իրենց ծրագիրը:

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի 30 մասնակիցների թվում է նաեւ ռեժիսոր, մշակույթի նախարարի նախկին խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը:

Մաթեւոսյանն իր մրցակիցների մեծ մասին համարում է պատահական հայտնված մարդիկ. «Որեւէ մեկին ցանկություն չունեմ վիրավորելու, բայց նրանց մի մասն ուղղակի ուզում են իրենց շանսը փորձել, իսկ մյուս մասն էլ փորձ են անելու ռադիոյում իրավիճակը պահել ճիշտ այնպես, ինչպես եղել է մինչ այս, ինչը որ անթույլատրելի եմ համարում»:

Այնուամենայնիվ ռեժիսորը չբացառեց, որ մրցույթի մասնակիցների մեջ գիտակներ եւ իրենց գործում պրոֆեսիոնալներ էլ լինեն: Մաթեւոսյանից հետաքրքրվեցինք, թե ռեժիսորին ինչը դրդեց Ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնի համար պայքարել եւ ինչ հստակ ծրագիր ունի, որով ընտրվելու դեպքում պատրաստվում է առաջնորդվել:

Դավիթ Մաթեւոսյանը վստահեցրեց, որ էապես ծանոթ է ոլորտի խնդիրներին, լինի դա ռադիո, կինո, հեռուստատեսություն, կամ առհասարակ մշակույթ. «Ուզում եմ հիշեցնել, որ դեռ 90-ականների սկզբներին հեռուստառադիոպետկոմի աշխատակից եմ եղել: Ռեժիսոր լինելուց առաջ նաեւ մշակույթի գործիչ եմ՝ հետաքրքրություններիս եւ գործունեությանս մեջ էլ: Ինչպես հայտնի է՝ հեռուստատեսությունը, ռադիոն, կինոն եւ լրագրությունը մեդիադաշտի գործունեություններ են եւ ես այդ ամենով ի պաշտոնե եւ ժամանակների բերումով միշտ եմ զբաղվել»:

Մաթեւոսյանը նկատեց, որ այսօր Հանրային ռադիոն նորմալ տեսքի բերելու կարիք ունի: Պետք է վերակենդանացնել եւ ոտքի հանել, այնպես, ինչպես դա պատկերացնում են ռադիոյի ներսում մնացած իրական պրոֆեսիոնալները:

Խոսելով իր շանսերի մասին՝ Մաթեւոսյանը նկատեց, որ եթե խոսքը ոչ մանիպուլյատիվ եւ ներքին պայմանավորվածության բերումով ընտրությունների մասին է, ապա հսկայական շանսեր ունի, եւ հակառակը՝ չունի, եթե տնօրենի ընտրելու որոշումը կայացվի արտնին, ներքին խոհանոցային կարգով:

Մեր հարցին, թե անաչառ ընտրություններ ակնկալու՞մ է, Մաթեւոսյանն ասաց. «Հայաստանն այս պահին հետհեղափոխական հրաշալի վիճակում է, որտեղ երբեմն ձախողումներ են տեղի ունենում, երբեմն էլ փայլուն հաղթանակներ ու պոզիտիվ երեւույթներ: Ամեն դեպքում վիճակը հրաշալի է, որովհետեւ շունչ կա, իսկ թե ինչ տեղի կունենա այս պարագայում, հասարակական խմորումների եւ երկրի պահանջարկի առումով՝ չեմ կարող ասել: Եթե նույնիսկ այդ վրիպումը, կամ սխալ նշանակումը լինեմ ես, կարծում եմ՝ հրապարակ դուրս եկած իր առողջ մասով հասարակությունն այդ ամենն իր ձեռքն է վերցնելու եւ շտկելու է»:

Հիշեցնենք, որ ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Հանձնաժողովի կազմում են՝ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ ու ասմունքող Սարգիս Նաջարյանը եւ Հ1-ի ծրագրերի նախկին տնօրեն Մարատ Օրդյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...