Serj Robert

Հայաստանի լրատվական դաշտը հեղեղված է տարբեր առիթներով կազմակերպված բողոքի ակցիաների մասին տեղեկություններով եւ սպասվող «էլ ավելի զանգվածային» ակցիաների վերաբերյալ կանխատեսումներով, ու այդ լրահոսում խճճված շարքային քաղաքացին լավ չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում երկրում։

Զուգահեռաբար հասարակությանն են ներկայացվում ապոկալիպտիկ «մարգարեություններ», որոնց ընդհանուր իմաստը հետեւյալն է՝ տնտեսությունը փլուզված է, բյուջեում փող չկա, սոցիալական պայթյունն անխուսափելի է, Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու Արեւմուտքից ֆինանսական օգնություն խնդրել, Արեւմուտքն էլ դրա դիմաց ծանրագույն զիջումներ է պահանջելու Արցախի հարցում, այնպես որ՝ պետք է պատրաստվել վատթարագույնին։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Մի կողմից՝ Հայաստանում ունենք հասարակական մի բավականին մեծ շերտ (նախկին իշխանություններն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները, նրանց օրոք արտոնյալ պայմաններում հարստացածները եւ այլն), որը վերջին ամիսներին ոչ միայն կորցրել է իշխանությունն ու «կոմֆորտը», այլեւ ամեն պահի աչքի առաջ ունի ճաղերի ետեւում հայտնվելու հեռանկարը։ Մյուս կողմից՝ Հայաստանն իսկապես ունի լրջագույն խնդիրներ (սոցիալ-տնտեսական, անվտանգային, ժողովրդագրական եւ այլն), որոնց լուծման համար ֆինանսական լուրջ միջոցներ են պետք։ Հիմա տեսեք։ Հայաստանը հավելյալ ֆինանսական միջոցների ընդամենը երկու հնարավոր աղբյուր ունի։ Առաջին՝ բյուջեի ընդլայնումը եւ ավելի արդյունավետ օգտագործումը (ինչը ենթադրում է հարկային բարեփոխումներ, որոնց արդյունքում անպայման կլինեն ե՛ւ գոհ մնացածներ, ե՛ւ դժգոհներ, ինչպես նաեւ օպտիմալացում, ինչի արդյունքում նույնպես դժգոհություններն անխուսափելի են)։ Երկրորդ՝ օտարերկրյա ներդրումների կտրուկ աճը։

Ու ի՞նչ է տեղի ունենում։ Հարկային դաշտում ցանկացած փոփոխության, օպտիմալացման կամ արդարության վերականգնման ցանկացած փորձ նախկինները վարպետորեն վերածում են քարոզչական առիթի՝ հասարակության մեջ հակակառավարական տրամադրություններ արթնացնելու համար, այսինքն՝ «գլխանց» տորպեդահարում են բյուջեն ընդլայնելու ցանկացած փորձ։ Զուգահեռաբար աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե տեսեք՝ Հայաստանում ներդրումներ կատարել չի կարելի, որովհետեւ սեփականության իրավունքը պաշտպանված չէ, պատերազմի վերսկսման սպառնալիքը չափազանց իրական է, «այս իշխանությունների օրերը հաշվված են», եւ այլն։ Այսինքն՝ տորպեդահարում են նաեւ հավելյալ ֆինանսական միջոցներ հայթայթելու երկրորդ ճանապարհը՝ օտարերկրյա ներդրումները։ Դրանով իսկ ստիպելով, որ կառավարությունն Արեւմուտքից ֆինանսական օգնություն ակնկալելուց բացի այլ ելք չունենա։ Ու դա անում են՝ գիտակցելով, որ Արեւմուտքն իսկապես էլ կարող է այդ օգնության դիմաց Հայաստանից լրջագույն զիջումներ պահանջել, ասենք, Արցախի հարցում։

Նախկինների քաղաքական հաշվարկը հասկանալի է։ Եթե կառավարությունը փորձի ներքին ռեսուրսների հաշվին ընդլայնել բյուջեն՝ պետք է բողոքի ցույցեր կազմակերպել կամ քաղաքական ենթատեքստ հաղորդել ինքնաբուխ ցույցերին, պետք է կառավարությանը վախեցնել սոցիալական ցնցումներով ու ստիպել արտաքին օգնություն խնդրել, իսկ երբ այդ օգնության դիմաց կառավարության առջեւ պահանջներ դրվեն՝ մնացածն արդեն «տեխնիկայի հարց է»։ Եթե կառավարությունը տեղի տա այդ պահանջների առջեւ՝ աղմուկ-աղաղակ կբարձրացնեն, թե «հասեք-փրկեք, Արցախը ծախում են, ավանդական ազգային արժեքները քանդում են» եւ այլն, բողոքի մեծ ալիք կբարձրացնեն ու այդ ալիքի վրա կվերադարձնեն իշխանությունը (համենայն դեպս իրենք այդպիսի հույսեր են փայփայում)։ Իսկ եթե կառավարությունն արտաքին ճնշումների առաջ տեղի չտա՝ որոշակի խնդիրներ կառաջանան արտաքին քաղաքական եւ անվտանգային ոլորտներում, իշխանությունների դիրքերը կթուլանան, նրանք կմնան առանց արտաքին աջակցության, իրենք էլ կօգտվեն դրանից ու կփորձեն վերադարձնել իշխանությունը։

Պարզ ասած՝ իրավիճակն այսպիսին է․ այո, կան խնդիրներ, եւ իշխանությունները փորձում են լուծել դրանք (հաջողությամբ, թե ոչ այնքան՝ այլ հարց է), իսկ նախկինները խանգարում են՝ հանուն սեփական շահերի։ Առանց հաշվի առնելու, որ մեծ հաշվով՝ գործում են Հայաստանի շահերի դեմ։ Որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունները ձախողվեն, ձախողվելու է երկիրը։

Չնայած՝ նախկինները ե՞րբ են հաշվի առել նման «մանրուքները», որ հիմա հաշվի առնեն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...