Նիկոլ Փաշինյանի կոչը

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը»,-նշել է նա:

ՀՀ վարչապետը նաև հրապարակել է մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի մասին իրազեկող հոլովակ:

2019թ. մարտի 23-ին հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում կանցկացվի այս տարվա առաջին շաբաթօրյակը:

Մարտի 23-ի համապետական մաքրության օրը ակնկալում ենք 125-150 հազար քաղաքացու մասնակցություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով, այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոցներ եւ շուրջ 447 աղբակույտեր, որոնք Հայաստանում առկա են:

«Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդատներին: Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն ոչ: Իհարկե, կան նաեւ սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են եւ բոլոր հնարավոր տեղերը, որորնք աչքից հեռու են եւ կարելի է թաքցնել աղբը»,- ասաց Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ իրենք չգիտեն Հայաստանում աղբի քանակի ու կառուցվածքի մասին տեղեկությունները. «Կառավարությունն ուսումնասիրություն է սկսել, որը կատարելու է բրիտանական մի ընկերություն: Այս ընկերությունը կիրականացնի թե՛ աղբի կառուցվածքի, թե՛ քանակի ուսումնասիրություն, թե տարեկան Հայաստանում ինչքան աղբ է կուտակվում: Սրանից ելնելով՝ մենք կարող ենք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,- նշեց նախարարը:

Պապիկյանը նշեց, որ այս նախաձեռնության հիմնական էությունը հանրությանը մտածողության նոր որակ հաղորդելն է։ «Բոլորիս համար գաղտնիք չէ, որ հանրային պահանջը մի կողմից շատ կարևոր է, բայց նաեւ կարեւոր է, որ յուրաքանչյուրս գիտակցենք, որ մեր տանից դուրս տարածք կա, որը կարիք ունի մեր հոգածության։ Այսինքն՝ մենք բոլորս հոգածությամբ ենք վերաբերում մեր անձնական տարածքին՝ բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերն ահավոր է։ Յուրաքանչյուրս կարող ենք նկատել, որ մի բան է շքամուտքը քաղաքացու համար, այլ բան է բնակարանը, քանի որ բնակարանից դուրս տարածքին քաղաքացիներն օտար տարածքի նման են վերաբերվում»,- ասաց Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ անցած տարի կատարված հեղափոխությունը ոչ միայն քաղաքական էր, այլեւ մտածողության հեղափոխություն էր, եւ այս ասպարեզում էլ կարծրատիպերի կոտրման անհրաժեշտություն կա։ Պապիկյանը շեշտեց՝ ժամանակն է հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր անկյուն քաղաքացունն է, յուրաքանչյուր ծառ ու թուփ ՀՀ քաղաքացու տարածքն է, որի նկատմամբ պետք է լինի այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կունենանք մեր անձնական տարածքի նկատմամբ։

«Հավատացնում եմ՝ այս պարագայում մենք կունենանք այլ իրողություն, այլ երկիր, քաղաքներ ու գյուղեր։ Սա, իհարկե, բխում է նաեւ զբոսաշրջության շահերից, սա մեր երկրի դիմագիծն է, սա ՀՀ անձնագիրն է։ Ես, յուրաքանչյուր համայնք գնալով, կարծիք եմ կազմում այդ համայնքի կազմակերպչի, քաղաքացու պահանջատիրության մասին, երբ տեսնում եմ այդ համայնքի մաքրությունը, սա մեզ համար պետք է առանցքային խնդիր լինի։

Երբ խոսում ենք, որ ՀՀ-ն երբ ազատվի աղբից, շատ բան կփոխվի, սրա տակ շատերը փնտրում են լոկ բառեր, ոչ, այստեղ կա խորը իմաստ, քանի որ քաղաքացին պահանջատեր եւ իրավատեր է այն պարագայում, երբ ՀՀ յուրաքանչյուր անկյունի նկատմամբ ունի հոգածություն»,- ասաց Պապիկյանը: