Նիկոլ Փաշինյանն առավոտյան զանգել, Սամվել Բալասանյանից ճշտումներ է արել – Լուսանկարներ

- in Պաշտոնական
Samvel Balasanyan

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ էլ հայտարարեց, որ տրված է փողոցաշինական աշխատանքների մեկնարկը: Ասուլիսը քաղաքապետը սկսեց սրտնեղած:

Ասաց՝ երեկ, որ «Շանթ հեռուստաընկերության լրագրողը վարչապետին մեր քաղաքի փողոցաշինությունից հարցեր էր տալիս, լավ կլիներ իրազեկված լիներ, նոր նման հարցեր տար: Սամվել Բալասանյանը երեկվա պատկերն ընկալել է որպես իր անձի դեմ ուղղված վերաբերմունք:

«Շանթ» հեռուստաընկերության հետ միշտ նորմալ ենք աշխատել, բայց մի տեսակ հակասություն կա, եթե կա ինձ հետ կապված թշնամանք, անհամաձայնություն, հակակրանք, պետք չի, որ դա արտացոլվի մեր կատարած լավ աշխատանքների վրա: Պետք է արտահայտվի օբյեկտիվ: Վարչապետը առավոտ զանգեց, խոսել, ասել եմ, որ մամլո ասուլիս կտամ, լրագրողները ինչ հարցեր որ կան, թող տան, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, որպեսզի մեկնաբանություններ անելուց իրազեկված լինեն, որ չասեն՝ նախագիծ չկա, ժամանակացույց չկա: Փողը կա, նախագծերը կան, ժամանակացույցը կա, պայմանագրերը կան: Որեւէ մեկը եթե թերանում է, մենք տույժ ու տուգանք կառաջադրենք, անհանգստանալու խնդիր չկա, կարեւորը՝ գումարը կա, շինարարը կա, բոլորը ձգտում են մրցույթներին մասնակցեն, որ իրենք շահեն: Ուղղակի պետք է մի քիչ մարդիկ ներողամիտ լինեն եւ համբերատար: Ամեն ինչ միանգամից հնարավոր չէ սարքել: Միանգամից հնարավոր չէ կախարդական փայտիկը դնենք, ասենք՝ փողոց սարքվի, ու սարքվի փողոցը: Փողոցը սարքելու ահմար անհրաժեշտ է մեկ տարի ժամանակ, մինիմում, իսկ մեր ծրագիրը 3 տարի է: Քաղաքում կա 220 փողոց, մենք չենք կարող 1-2 տարում բոլոր աշխատանքներն անել»»,-ասաց Սամվել Բալասանյանը:ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում փողոցաշինական աշխատանքները մեկնարկել էին 2018 թվականին: Առաջին փուլը կավարտվի 3 ամսից` հունիսին, շահագործման կհանձնվի 6 փողոց: Երկրորդ փուլը կսկսվի օգոստոսին եւ կավարտվի 2019 թվականի հունիսին: Ծրագրի 3-րդ՝ վերջին փուլում կլուծվի նաեւ Գյումրու արտաքին լուսավորության հարցը, 11500 նոր լուսակետ է լինելու Գյումրիում:«Չկա փողոց` չկա գույքահարկ» նախաձեռնության մասին ինչ վերաբերմունք ունեք»,- հարցին, Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ փողոցներ կան: «Մենք մայթերի ներքեւի հատվածներն ենք փորել, փողոցները չենք քանդել, եւ երթեւեկում են: Չի կարելի ամեն ինչ բացասական երանգով տեսնել: Ճիշտ է, քանդում ենք, սարքում ենք, որոշակի անհարմարություններ են լինում, բայց դա չի նշանակում, որ մեր կատարած լավ գործը չպետք է տեսնել: Բայց, այ էսօր Սավոյան փողոցը չկա, չի էլ լինելու, որովհետեւ ընդամենը մի քանի բնակիչ կա էնտեղ, եւ ինքը կապող փողոց չէ: Մենք հիմնականում այն փողոցներում ենք աշխատանքներ տանում, որոնք միանգամից մի քանի փողոցներ են իրար միացնում»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել քաղաքի կանաչ գոտիներն ու մայթերը զավթելուն: Նշենք, որ Գյումրիում չգրված, բայց հաստատուն եւ անխախտ գործող մի օրենք կա՝ խանութի, ռեստորանի, սրճարանի տերը կամ մեկ այլ տնտեսվարող, ինքնակամ ընդլայնում է իրեն հատկացված տարածքը: Ընդ որում, ոչ թե շարժական ճաղերի կամ ինչ-որ թեթեւ կառուցատարրերի միջոցով, այլ հիմնական կառուցապատման: Քարապատում, ապակեպատում է, հետո դիմում է քաղաքապետարանի համապատասխան բաժին: Վերջիններս էլ տեսնում են քաղաքի կենտրոնական հատվածներում «պատահաբար» «անտեսանելի» ձեւով իրականացված ապօրինի շինարարությունը, այն ճանաչում ապօրինի օրենքի ուժով, տվյալ տնտեսվարողին տուգանում, կատարած աշխատանքն օրինականացնում են: Նման դեպքերը քիչ չեն:

«Մայթերը որեւէ մեկն իրենց սեփական չի տալիս, 12 թվից առաջ արել են, ամեն ինչ արվել է, նույնիսկ փողոցի վրա է սեփականաշնորհվել: Բայց թյուրիմացություններ էլ կան»,- ասաց Սամվել Բալասանյանը: Հարկ է, սակայն, նշել, որ 2012 թվականից հետո էլ, երբ Գյումրու քաղաքապետն արդեն ոչ թե Վարդան Ղուկասյանն, այլ Սամվել Բալասանյանն է, նույն ձեռագիրը շարունակվում է: Օրինակ,  Հաղթանակի պողոտայի սկզբնամասում հենց այդ սկզբունքով «Կրուիզ» սրճարանն ընդլայնեց իր տարածքը, հետո դրա կողքին նույն սկզբունքով ավելացավ «Հավլաբար»-ը, «Հացատունը» փակեց մայթն ամբողջությամբ, «Կարոնա» սուպերմարկետն ընդլայնեց տարածքը հիմնական կառուցապատմամբ: Շարքը երկար կարելի է թվարկել:

Խանութատերերի երկրորդ խումբը քաղաքի մայթերը զավթել է առանց կառուցապատման, պաշարելով: Վաղ լուսաբացին այն ապրանքը, ինչը վաճառում են խանութում՝ անձեռոցիկ, հագուստ, անկողնային պարագաներ, դույլ, բարձ ու վերմակ, գորգ ու կահույք, լվացքի փոշի, հեռուստացույց, բահ ու մանգաղ, պարսպի նման շարում են խանութի դիմաց՝ ուղիղ մայթին՝ անցորդին մեկ ոտքի տեղ թողնելով, այն էլ խանութ մտնելու համար: Եվ, եթե անուշադիր ես, չի բացառվում, որ պատահաբար բահի վրա հայտնվելիս պոչն ուղիղ ճակատիդ մեջտեղում հայտնվի, կամ մնաս իրար վրա դարսված ապրանքի տակ:

Արդյո՞ք հնարավոր է Օպերայի օրինակով, նաեւ Գյումրիում ապօրինությունները վերացնել հարցին, Սամվել Բալասանանը պատասխանեց՝ անպայման:

Նույն դրական նոտան պահպանվեց նաեւ փողոցային առեւտրի կարգավորման հարցում: Բայց, այս գործընթացը Գյումրիում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Գյումրու Շահումյան եւ Մայակովսկի փողոցները հայտնի Լաչինի միջանցքի փնթիությամբ այնպես են սերտաճել քաղաքին, որ որպես գյումրեցու կենցաղի հայտ նույնիսկ կարող են ներկայացնել: Միրգ-բանջարեղեն, միս-մսամթերք, ձկնեղեն, կաթ ու պանիր, կենդանիների կտրված գլուխներ ու այլ մարմնամասեր: Այն, ինչը հնարավոր է վաճառել, հենց փողոցում էլ իրացվում է:

«Սա մեր քաղաքի կույրաղիքն է: Էսօրվա դրությամբ պետք է կարողանանք Լաչինի միջանցքը ձերբազատել էդ փողոցի վրա վաճառվող ապրանքից: Բերում են Շահումյան փողոցի մեջտեղում իրենց բահերը ուղիղ փողոցի կենտրոնում ցուցադրում են, գնում են մեր աշխատակիցները, վեճ-վիճաբանություն է լինում, ասում են՝ մեր հացն եք կտրում: Ռիժկովի փողոցը դարձել էր նույն Լաչինի միջանցքը, ամեն օր տեսնում էիր, որ նույն մարդը բերում, իր կանաչիները վաճառում էր: Մենք համոզել ենք, որ գնա Լաչինի միջանցքում տեղ գտնի, իր կանաչին վաճառի, մինչեւ մենք այլընտրանք ունենանք առաջարկելու»:

Այլընտանքն էլ այս պահին կախված է Թումոյից: Այս ընկերությունն է պարտավորվել կառուցել Գյումրիի կենտրոնական շուկան: Սամվել Բալասանանն ասում է՝ երբ շուկան լինի, իրենք փողոցներում եւ մայթերի վրա առեւտուր իրականացողներին կուղղորդեն շուկա: Այդ պարագայում որեւէ մեկը չի կարողանա բողոքել: Բայց որոշ տնտեսվարողների Սամվել Բալասանյանն արդեն տաղավարների հեռացման ծանուցագրեր ուղարկել է:

Ասուլիսի ժամանակ նաեւ խոսվեց Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջի վտանգավորությունից: Քաղաքապետն ասաց՝ մտահոգ է, կամուրջը տակից էլ, վրայից էլ պարբերաբար ուսումնասիրում է: Վերականգնման լուրջ ծրագիր է պետք: «Բայց որտե՞ղ եք տեսել՝ քաղաքապետը կարողանա կամուրջ վերանորոգի: Հսկայական գումարներ են պետք, իսկ այդ հնարավորությունը քաղաքի բյուջեն չունի: 22 մլրդ տալիս եք Երեւանին, Գյումրիի բյուջեն ընդամենը 3.3մլրդ է, 7մլն դոլարի չափ է: Իսկ Երեւանին 11 անգամ ավել գումար եք տալիս: Մեզ էլ տվեք, 3.3-ի փոխարեն 5 մլրդ տվեք, տեսեք, թե քաղաքն ինչքան արագ կկառուցվի: Իսկ դրա համար պետք է, որ մենք համախմբվենք, քաղաքապետը, մարզպետը: Այս հարցում մեր պատգամավորները շատ ակտիվ պետք է լինեն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...