Նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները

- in Ով ով է ...

Հայտարարությունները, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը. «Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները»։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե դրանք կատարվում են օրենքի սահմաններում, այնպես չէ՞, Վանեցյանը դրական պատասխան տվեց:

Արթուր Վանեցյանը նաեւ նշեց, որ բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե: Նրա խոսքով, տարբեր ոլորտներում 234 մլրդ դրամի շրջանառությունն այժմ ստուգվում է։

Ի պատասխան պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին, Վանեցյանը հրաժարվեց կանխատեսել, թե որքան գումար կվերադարձվի պետբյուջե եւ խոստացավ, որ դրանք շատ կլինեն. «Կանխատեսում անելը անշնորհակալ գործ է ու նաեւ պետք է հասկանանք, որ աշխատելու ենք, որ որոշ արկածախնդիրների կողմից չարաշահումների դեպքեր չլինեն»։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը ստուգողական միջոցառումներ է իրականացնում: Այս մասին  ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն նաև Հատուկ քննչական ծառայություն: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռ չենք կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորված փաստեր, ապա կտեղակացնենք»:

Օրեր առաջ ՀՀ պաշպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անդրադառնալով նաև ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքում տեղ գտած իրադարձությունների նկարագրություններին:

Հարցին, թե նա նույնպե՞ս իմացել է, որ Նաիրի Հունանյանը գործակալ է եղել, Արթուր Վանեցյանը կրկնեց, որ ոչ հաստատում է, ոչ էլ հերքում. «Գործը վարում է ՀՔԾ-ն եւ երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի»:

Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից մեկնելու հետ կապված, Վանեցյանը նշեց, որ վերջինս դիմել  է ԱԱԾ-ին՝ առողջական հարցերով պայմանավորված, եւ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ թույլատրվել է վերջինիս լքել Հայաստանի տարածքը. «Այո, նա ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, սակայն լինելու դեպքում, նրան կհրավիրեն եւ կարծում եմ, որ որեւէ խնդիր չի լինի»:

Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. Եթե ես սկսեմ իմ մասին, ինչ գրում են դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի։ Ես հերքում եմ այդ նյութը եւ խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին եւս հերքումով հանդես գալ, որովհետեւ ուղղակի օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է։ Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի եւ նավթամթերքի շուկայի հետ:

Նշենք, որ «Իրատես» թերթը այսօրվա համարում գրել էր, թե Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։

Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների աշխատանքից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետն իր ասուլիսի ժամանակ դժգոհություն է հայտնել իրավապահների աշխատանքի վերաբերյալ. «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից, որովհետեւ, այո՛, որոշակի նվազում կա այն տեմպի եւ այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Իսկ եթե ավելի լուրջ, դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որեւէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել եւ ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով»,-  ասաց Վանեցյանը, ապա հավելեց. «Մենք գործում ենք միայն օրենքով եւ փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Ես կարծում եմ, որ առաջիկայում եւս կլինեն հնչեղ բացահայտումներ»։

Հայաստանի Հանրապետություն այլեւս հնարավոր չէ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ տնօրենին ասաց, որ ժամանակին Հայաստանում գաղտնալսելու հնարավորություն ուներ ոչ միայն ԱԱԾ-ն, այլեւ՝ որոշ այլ պետական կառույցներ ու օլիգարխներ. «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլեւս նման սարքեր չեն կարող ներկրվել։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն եւ թե՛ մաքսային հսկողությունը, թե՛ մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»:․

Արթուր Վանեցյանը հստակ չկարողացավ պատասխանել՝ արդյոք նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ. «Հավաստիացնում եմ, որ իրականցնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք»։

Անդրադառնալով իր մասնակցությամբ հեռախոսազրույցների գաղտնալսմանն՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գործով քննությունը շարունակվում է. «Գաղտնալսման դեպքով հարուցված է քրեական գործ, Քննչական կոմիտեում, եւ ես այդ գործով անցնող անձ եմ եւ փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննոթյան գաղտնիքը չհայտնելու մասին։ Այդ առումով չեմ կարող որեւէ բան ասել»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...