Ո՞վ կժառանգի Նազարբաևի ղազախստանյան քաղաքական կապիտալը․ Մոսկվայի հետ լարված պայքար է ընթանում

- in Կարծիք
Nazarbaev

Ղազախստանի երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել երկրի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Ինչպիսի ազդեցություն կթողնի այս զարգացումը եվրասիական տարածաշրջանի կառույցների վրա, քննարկում են վերլուծաբանները:

Ղազախստանի երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ անսպասելի հրաժարական է ներկայացրել: Վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանն այս զարգացումները որակում է «աննախադեպ» հետխորհրդային տարածքում, գրում է Ամերիկայի ձայնը:

Նազարբաևի այս քայլը վերջինս պատճառաբանում է արտաքին գործոններով, մասնավորապես Հայաստանի թավշյա հեղափոխությամբ և ռուս-բելառուսական հարաբերություններում առկա զարգացումներով: Նա ընդգծում է, որ Նազարբաևի նպատակներից է՝ պահպանել իր քաղաքական կապիտալը՝ այն համապատասխան ժառանգորդին փոխանցելու համար:

«Նազարբաևը փորձում է ապահովել իրեն հաջորդող սերնդի ամուր դիրքերը երկրի ներսում՝ չնայած ռուսական կողմը ևս ունի իր թեկնածուները: Այստեղ ընթանում է Մոսկվայի հետ լարված պայքար, թե ով կժառանգի Նազարբաևի ղազախստանյան քաղաքական կապիտալը»,- նշում է Աբրահամյանը:

Հայաստանի համար Ղազախստանը կարևոր տարածաշրջանային երկիր է, քանի որ երկու երկրները անդամակցում են եվրասիական տնտեսական և ռազմական համակարգին, որտեղ շոշափելի է նախկին նախագահ Նազարբաևի ազդեցությունը:

Սակայն վերլուծաբանները միակարծիք են՝ Նազարբաևի հրաժարականը երկրի նախագահի պաշտոնից որևէ լուրջ հետևանք չի թողնի Եվրասիական տնտեսական միության և Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի վրա:

«Նման տարածաշրջանում քաղաքական դինամիկան ստատիկ է: Չեմ կարծում, որ հրաժարականը լուրջ ազդեցություն կթողնի Եվրասիական տնտեսական համագործակցության վրա»,- նշում է Աբրահամյանը:

«Նազարբաևի հրաժարականը որևէ լուրջ ազդեցություն չի թողնի, քանի որ պարոն Նազարբաևը մնում է իշխող կուսակցության անվտանգության խորհրդի նախագահ, ինչը նշանակում է` քանի դեռ նա ողջ է, նա է որոշելու Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգիծը»,- ասում է վերլուծաբան Սվանթե Քորնելին:

Վերլուծաբանը գտնում է, որ Ղազախստանի արտաքին քաղաքական ուղեգիծը հիմնվում է իրատեսական մոտեցման վրա: Որպես օրինակ վերլուծաբանը հիշեցնում է եվրասիական ինտեգրացման շուրջ երկրում առկա զարգացումները:

«Ղազախստանն ունի, ինչպես ասում էին խորհրդային տարիներին, օբյեկտիվ իրականություն: Կան հարևան երկրներ, կան որոշակի հարաբերություններ, և Ղազախստանը պետք է զգուշորեն մոտենա դրանց: Երբ Ղազախստանի առջև կանգնած էր Եվրասիական միությանը միանալու հարցը, այստեղ լուրջ քննարկումներ էին ընթանում այս հարցի շուրջ: Շատերը գիտեին, որ սա հակասում է Ղազախստանի ազգային շահերին, սակայն քաղաքական իրականության պատճառով անդամակցումը անհրաժեշտություն էր»,- ասում է Քորնելը:

Վերլուծաբանը կանխատեսում է, որ Ղազախստանը կշարունակի պահպանել ստատուս քվոն՝ միևնույն ժամանակ փորձելով նվազեցնել այս անդամակցությանն իր ներգրավվածությունը:

Էդուարդ Աբրահամյանի կարծիքով էլ եվրասիական կառույցը դեռևս ամբողջապես կայացած չէ և իր մեջ պարունակում է ավելի շատ քաղաքական, քան` տնտեսական բաղադրիչներ:

Հ.Գ. – Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, ընտրվել է Ղազախստանի սենատի նախագահ: Նա 44 ներկաներից ստացել է 44-ի կողմ ձայները:

Ավելի վաղ նա Սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահն էր:

Հ.Գ. – 1 Ղազախսըտանում ցանկանում են եկրի մայրաքաղաք Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Նման առաջարկով հանդես է եկել Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը, հայտնում է tengrinews.kz կայքը:

Նրա խոսքով, մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան: «Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան: Կցանկանայի հավելել, որ այս առաջարկն արդեն արվել էր Ղազախստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ օրենսդիրների կողմից 2016թ. նոյեմբերի 23-ին ընդունված հռչակագրում»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել է Տոկաևը:

Նազարբաեւի հրաժարականից մեկ օր անց Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի լիազորությունները: Նա կստանձնի այդ լիազորությունները մինչեւ 2020 թվականը, երբ կանցկացվեն երկրի ղեկավարի հերթական ընտրությունները:

Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից:

Փաստացի, ինչպես նշում են փորձագետները, Նազարբաեւը մնում է մեծ քաղաքականությունում, քանի որ հանդիսանում է իշխող «Նուր Օտան» կուսակցության ղեկավարը եւ ցմահ ղեկավարելու է Անվտանգության խորհուրդը, որի լիազորությունները մինչ այդ բավականին ընդլայվել էին։