Ո՞րն է Ռուսաստանի ամենամեծ պետական գաղտնիքը

- in Հրապարակ

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովին:

Ըստ հաղորդագրության, Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:

Իր հերթին, Բարիշնիկովն ասել էր, որ արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:

Ռուս քաղաքագետ, ռազմական փորձագետ Բորիս Յուլինն, անդրադառնալով նոր սերնդի Կալաշնիկով ինքնաձիգների արտադրությանը, ասել է, որ ԱԿ-12 ինքնաձիգը արտադրության է մտել 2012 եւ ուղարկվել փորձարկման, բայց չի անցել այն: Բացի այդ, Իժեւսկի գործարանը ներկայում հարմարեցված չէ դրա մասսայական արտադրության համար: Իրավիճակը փրկելու համար, նրա խոսքով, քիչ ինչ «թյունինգ» են արել ԱԿ 74 հին մոդելի խնդրահարույց ինքնաձիգը եւ շարունակում են արտադրել այն:

Հետաքրքիր է, Հայաստանում Կալաշնիկովի որ մոդելն են արտադրելու:

Բորիս Յուլինն ասում է, որ Ռուսաստանում պատժամիջոցների արդյունքում գործարանները չեն վերազինվում եւ ընդունակ չեն զանգվածային արտադրության, շատ գործարաններ նույնիսկ փակվում են:

Ընդ որում, իրավիճակը նույնն է սպառազինության գրեթե բոլոր ոլորտներում: Առավելագույնը, որ ներկայում արվում է, դեռեւս խորհրդային արտադրության սպառազինության արդիականացումն է: Բայց այդտեղ էլ կա խնդիր, քանի որ անհրաժեշտ էլեկտրոնիկան եւ այլ սարքավորումները Ռուսաստանը ներկրում էր Արեւմուտքից, ներկայում պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը ստիպված է հաստոցներ, շարժիչներ ներկրել Չինաստանից եւ, որ ամենազավեշտալին է՝ Հյուսիսային Կորեայից:

Մյուս կողմից, խնդիր է նաեւ ռազմարդյունաբերական ոլորտում ահռելի կոռուպցիան ու գողությունը, երբ տրամադրված գումարները պարզապես փոշիացվում կամ յուրացվում են տարբեր ծրագրերի վրա, արտադրություններն արդիականացնելու փոխարեն:

Այս համատեքստում, ռուսական ռազմական փորձագետների շրջանում տարակուսանքով ու հաճախ հումորով են վերաբերվում Պուտինի ցուցադրած գերժամանակակից հրթիռային տեխնիկայի՝ իրենց իսկ բնորոշած «մուլտֆիլմերին»: Նշվում է, որ դրանք դեռեւս խորհրդային տարիների մշակումներ են, որոնք կիսատ են մնացել: Այդ մշակումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց տիեզերական սպառազինության մշակման մասին: Շատերի կարծիքով, դա պարզապես բլեֆ էր՝ Խորհրդային միությունը սպառազինության նոր մրցավազքի մեջ ներքաշելու եւ տնտեսապես թուլացնելու համար, ինչն էլ տեղի ունեցավ:

Ներկայում նույն իրավիճակն է, եւ ի պատասխան զինված ուժերի արդիականացման ամերիկյան ծրագրերի՝ Մոսկվան արխիվից հանել է այդ մշակումները, սակայն նոր հրթիռների ստեղծումը խնդրահարույց է: Իսկ առկա տեխնիկան հին է ու ոչ մրցունակ:

Մյուս կողմից, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի նվաճումների մասին քարոզչությունը Կրեմլին անհրաժեշտ է մի շարք առումներով: Նախեւառաջ, այդպիսով փորձ է արվում հանրության առջեւ «փոխհատուցել» երկրի սոցիալ-տնտեսական, գիտական եւ տեխնոլոգիական դեգրադացիան ռազմարդյունաբերական նվաճումների ցուցադրմամբ ու պատրիոտիզմի բարձր դոզայով:

Բացի այդ, դա ուղղված է կոռումպացված ու գողաբարո ռեժիմի իշխանության երկարաձգմանը՝ կուտակած ահռելի սեփականությունը փրկելու համար:

Այս իրավիճակը ռուսական քաղաքական ու ռազմական փորձագիտական շրջանակներում արդեն անվանվում է «Ռուսաստանի ամենամեծ պետական գաղտնիքը»:

Ի դեպ, նշվում է, որ վերջին տարիներին ռուսական ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն նվաճումը հոգեւորականների շարժական զինվորական դեսանտն է: Ռազմական գործողությունների դեպքում այս դեսանտը արագ նետվում է ռազմադաշտ, արագ տեղադրում փչովի ուղղափառ եկեղեցի եւ սպասարկում զինվորներին:

Հիշեցնենք, որ ամերիկացիներն ու շվեդները Հայաստանին առաջարկել են ռուսականից ավելի որակյալ սպառազինություն: