Ոստիկանությունը Բոգոյին զգուշացրել է. ավտոկայանի ավերված տարածքը պիտի նախկին տեսքին բերեն

- in Հասարակություն

«Հայավտոկայարան» ՓԲԸ ներքին վերահսկողության եւ ուղեւորափոխադրումների վարչության պետ Արտաշես Ջիլավյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ՓԲԸ-ի եւ Կոստանյանի իրավաբանները պայմանավորվել են, որ միայն Կոստանյանի գույքը հանեն տարածքից։

«Գույքը, որ տարել են, հետո միտումնավոր սկսել են փչացնել, ձեր ասած՝ վանդալիզմն է: Դա իրենց ռեմոնտ արածն է, ինչ որ իրենք արել են, ուզել են քանդեն, պոկեն, որ ոչինչ չմնա»,- ասաց Ջիլավյանը: Նա նշեց, որ այժմ նրանց զգուշացվել է, որ պետք է սենյակները հին տեսքին բերվեն, այսինքն, այն տեսքին, որը եղել է մինչեւ Կոստանյանի իրականացրած վերանորոգումը։

«Այն, ինչը, որ կա, այլեւս ոստիկանության վերահսկողության տակ է, ոչ մի բան այլեւս իրենք չեն կարող անել։ Դռներն էին հանել, բայց տեղն են դրել»,- ասաց Ջիլավյանը։

Նա նշեց, որ Կոստանյանն այլեւս այդ տարածքում չի լինում։

Մեր հարցին, թե որն է պատճառը, որ նման կերպ են վարվել, արդյո՞ք նրանց այդտեղից վատ կերպով հեռացնելն է պատճառը, Ջիլավյանն ասաց. «Մենք իրենց հետ վատ ձեւով չենք վարվել, օրենքն ինչ պահանջել է, դա ենք արել: Իրենք այդտեղ պայմանագիր չեն ունեցել»:

Ջիլավյանը նշեց, որ այժմ ոստիկանները ընդհանուր ուսումնասիրություն են իրականացնում ավտոկայանի հետ կապված։ Նրա խոսքով՝ սենյակները քանդվել են այն ժամանակ, երբ տարածքում ոստիկաններ եւ ավտոկայանի ղեկավար կազմից մարդիկ չեն եղել. «Ուրբաթ երեկոյան է կարծես թե եղել եւ մենք շաբաթ առավոտյան գնացել ենք այնտեղ»։

Մեր հարցին, թե հոսանքի ուսումնասիրությունների մասին ինչ-որ նորություն կա՞, Ջիլավյանը պատասխանեց․ «Ուսումնասիրությունները շարունակվում են, մանրամասներ կլինեն անպայման»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...