Որոշակի դեպքերում «ապակենտրոնացումը» անխուսափելի թվացող քայլերից խուսափելու լավ միջոց է

- in Կարծիք

Հայաստանի ՊՆ-ում զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքներ են սկսվել: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի ԶՈւ եւ Արցախի Պաշտպանության բանակի միջեւ համագործակցությունը նորություն չէ, սակայն, մատնանշումը, որ օպերատիվ հավաքներին մասնակցում են Արցախի ներկայացուցիչները, կարող է վկայել հարաբերությունները կանոնագրելու մտադրության մասին:

Այդ մտադրությունը կարող է լինել Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ որոշումը: Չնայած Ստեփանակերտում կայացած նիստը փակ էր, իսկ հրապարակային ելույթները վերաբերում էին հիմնականում արցախյան կարգավորմանը, տեղեկություններ կան, որ խոսք է գնացել երկու հանրապետությունների ու երկու բանակների համագործակցության իրավական բազայի մասին:

2015 թվականի հունվարին բանակում հրամանատարական ուղղահայացը փոխվեց՝ հրամանատարներին իրավունք տրվեց տեղերում ինքնուրույն որոշումներ կայացնել: Այդ որոշումն ապրիլյան պատերազմի օրերին թույլ տվեց ակտիվ պաշտպանություն կազմակերպել՝ չսպասելով հրամանի Ստեփանակերտից ու Երեւանից: Այն ժամանակ փորձագետները ասում էին, որ ուղղահայացից հորիզոնական անցումը կապված էր այն մտահոգությունների հետ, որ մի օր, հնարավոր է, վերեւից հակազգային հրաման տրվեր:

Որոշակի դեպքերում «ապակենտրոնացումը» անխուսափելի թվացող քայլերից խուսափելու լավ միջոց է: Այս փորձը հաշվի կառնվի՞ բանակում նոր հարաբերությունների կառուցման ժամանակ, եւ կպահպանվի՞ «երկու զամբյուղի համակարգը», որը թույլ է տալիս թե ձվերը չկոտրել, թե մանեւրի ազատություն ապահովել:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդակցության ժամանակ ասել է, որ հայկական բանակը կարող է «ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերի համար բարենպաստ երաշխիքներ» ապահովել: Փաստացի, բանակը իր վրա բանակցությունների ու տարածաշրջանային կայունության պահպանման ռազմա-քաղաքական երաշխավորի դեր է վերցնում:

Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը փաստացի կրում է հավասարակշռության պահպանման տնտեսական բեռը եւ կանխում է տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների սկսվելը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...