Ուղիղ. Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում

- in Հասարակություն
opera

Օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների բողոքի գործողություններին զուգահեռ իրականացվում էին ապամոնտաժման աշխատանքները: Դրանք պարբերաբար ընդհատվում էին քաղաքացիների ստեղծած խոչընդոտների պատճառով:

Ցույցի մասնակիցները, որոնք սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, ապա նաեւ այդ հատվածում Թումանյան փողոցը, ոստիկանության ուժերով հեռացվել են ճանապարհի երթեւեկելի հատվածներից: Ցուցարաները նորից տեղափոխվել են Ազատության հրապարակ ու ապամոնտաժվող սրճարանների տարածք: Նրանք մուտք են գործել կիսով չափ ապամոնտաժված «Ատլանտիկ» սրճարանի տարածք, բռունցքներով հարվածել թիթեղյա տանիքին, ժամանակ առ ժամանակ խոչընդոտել ապամոնտաժում իրականացնող տեխնիկայի աշխատանքը:

Այս պահին ապամոնտաժման աշխատանքները կրկին դադարել են: Տարածքում է նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա շեշտում է, որ սրճարանները, միեւնույն է, ապամոնտաժվելու են, եւ քաղաքին վերադարձվելու է իր պատմական դեմքը:

16:15 – Երեւանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականայնը, որն ինչպես երեկ, այնպես էլ այսօր գտնվում է Օպերային թատրոնի հարակից տրածում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապամոնտաժման դադարեցված աշխատանքները հիմա վերսկսվելու են:

Նա կարծիք հայտնեց, որ ապամոնտաժման աշխատանքները խոչընդոտողներն ու տարածքում բողոքի ցույց անցկացնողներն ուղղորդված մարդիկ են: Ի դեպ, Օպերային թատրոնի հարակից տարածքում հավաքվածների մի մասը նաեւ այն անձին ենք, որոնք եկել են՝ աջակցություն հայտնելու քաղաքապետարանին:

Նրանց թվում է նաեւ հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քիչ առաջ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Օպերայի բակում կրկին գողացան պաստառս եւ ջարդեցին ակնոցներս… Նույն ձեռագիրը… Ի դեպ դա եզակի դեպք չէր… համատարած վիրավորում էին օպերայի բարեկարգման կոմնակից տարեցներին եւ ռազբորկայի կանչում երիտասարդներին: Այսպես է ագրեսիվ փոքրամասնության պահվածքը…»:

Այս պահին տարածքում իրավիճակն ավելի է լարվել: Հավաքվածների միջեւ քաշքշոց ու բախում է տեղի ունենում, կարմիրբերետավորները փորձում են հանդարտեցնել իրավիճակը:

Այսօր այստեղ են այցելել նաեւ Երեւանի ավագանու անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...