«Պանտերա» գիշերային ակումբում 26-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվում է ընկերը

- in Իրավունք
danakaharutyun

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պանտերա» գիշերային ակումբում Վանաձորի 26-ամյա երիտասարդի`էդմոն Սանթրոսյանի  պանության մեջ մեղադրվում է նրա ընկերը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  Վանաձորի բնակիչ Սանթրոսյանը  մահացել է Սպիտակի «Պանտերա» գիշերային ակումբում` կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետեւանքով: Վերջինս ակումբ էր գնացել  ընկերոջ հետ, որտեղ եղել են նաեւ այլ այցելուներ, նրանց թվում` Վանաձորի այլ բնակիչներ:

Նախաքննության վարկածի համաձայն` նրանցից մեկին տուժածի ընկերը հեգնել է մաշկային ցանի կապակցությամբ, առաջացել է վիճաբանություն, հնչել հայհոյանքներ: Վիճաբանությունը շարունակվել է նախասրահում, վերածվել քաշքշուկի, որի ընթացքում երիտասարդը, ում մինչ այդ հեգնել էին, մահակով հարվածել է հեգնողի գլխին, իսկ վերջինս հանել է դանակը ու սկսել  անկանոն շարժումներ անել: Արդյունքում դանակահարել է ընկերոջը` Սանթրոսյանին, ում հետ եկել էր ակումբ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` տուժածը վնասվածքն ստացել է որովայնի շրջանում, երբ փորձել է հանդարտեցնել կողմերին: Վնասվածքի հետեւանքով սկսվել է ներքին սուր արյունահոսություն, հեմոպերիտոնեում, հետորովայնամզային տարածության արյունակույտ, ներքին օրգանների սուր սակավարունություն, որոնց հետևանքով մի քանի րոպեի ընթացքում մահացել է:

Տուժողի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է ու գործն ուղարկվել դատարան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...