Պետգույքի կառավարման վարչության պետը՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին

- in Պաշտոնական

Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոնի ճակատագրին:

Նա ասաց, որ կիրակի օրը մեկնել է Դիլիջան և ծանոթացել այնտեղ եղած գույքին ու հնարավորություններին: «Նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան, այնտեղ կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է: Կան 9 հատ հյուրանոցային երկհարկանի քոթեջներ: Առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, վերևի հարկում երեք ննջասենյակներ, դրանք նույնպես փակի տակ են: Եվ կա կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը: Կենտրոնական մասնաշենքի որոշ հատվածը և սպորտային համալիրը օգտագործվում է վարժարանի սաների կողմից, մնացած մասը նույնպես չի օգտագործվում»,- ասաց նա:

Ըստ Բաբայանի՝ տարածքն ամբողջովին տրված է վարժարանին, բայց վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք թեև ունի, բայց չի կարող պատշաճ մատուցել: Ըստ Բաբայանի՝ հյուրանոցային հատվածը վարժարանի գործունեության տարածքից առանձնացնել հնարավոր չէ, ուղղակի պետք է փորձել հասկանալ, թե ինչ հնարավոր լուծումներ պետք է տրվեն: «Վարժարանը պետք է ապահովված լինի շատ լավ պայմաններով, վարժարանի գոյությանը ոչինչ չի կարող խանգարել, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել այդքան միլիոնները, որ ծախսվել է, և հիմա էլ պահպանության համար հսկայական գումարներ են հատկացվում, չօգտագործել այդ գույքը նպատակային, պետությունը դրանից որևէ շահույթ չստանա»,- ասաց նա:

Ըստ Բաբայանի՝ այն ինչ արվել է, բոլորը շատ լավ գիտեն: Դա ՊԵԿ-ի համար կառուցվում էր որպես ուսումնական և առողջարանայաին կենտրոն, բայց ապրիլյան պատերազմից հետո, հաշվի առնելով ժողովրդի ցասումը, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, կենտրոնը հատկացվել է այդ ժամանակ շատ վատ գույքային պայմաններ ունեցող ռազմաուսումնական վարժարանին:

Նարեկ Բաբայանը հավելեց, որ երեք քրեական գործ կա հարուցված այդ շինարարության վերաբերյալ: «Ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել, որքանն է ծախսվել, կամ հակառակը, որքան կողքից այլ գումարներ են ծախսվել»,- ասաց նա:

Բաբայանը նշեց, որ վարժարանի համար պետք է բարեկարգ պայմաններով տարածք գտնել, հետո տեղափոխել ու մտածել, թե ինչ ճակատագրի կարժանանա ՊԵԿ ուսումնասկան կենտրոնը:

Պետությունը դեռ չի ընդունել Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը որպես նվիրատվություն, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը:

«Կան որոշակի ռիսկեր, մենք այդ ռիսկերը ներկայացրել ենք կառավարությանը, առայժմ քննարկման փուլում են այլ պետական մարմինների հետ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ գույքը նվեր ընդունելու մասին կառավարության որոշում է լինելու, հետևաբար դրա մասին կիմանաք: Ռիսկերը հետևյալն են՝ Գոլդեն Փելես ՍՊԸ բալանսում միայն Ծաղկաձորի գույքը չէ, կան այլ գույքեր, այդ թվում՝ Երևանում: Եվ օրենքով նվիրատվություն կատարելուց հետո, երեք տարվա ընթացքում, եթե սնանկության գործընթաց լինի, ապա տվյալ ՍՊԸ-ն կարող է հետ բերել այդ գույքը: Որպեսզի նման ավելարոդ ռիսկերից մենք խուսափենք, մենք առաջարկել ենք, որ գործընթացը մի փոքր դանդաղ լինի, բայց ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն այդ հյուրանոցը, որն արդեն առանց այլ պարտավորությունների կտրվի պետությանը»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը պատկանում է Հարկային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Հարուցված քրեական գործի շրջանակներում Ավետիսյանի ընտանիքի անդամները հայտարարել էին հյուրանոցը պետությանը նվիրաբերելու մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...