«Պետռեգիստրում ինֆորմացիաի արտահո՞սք ա տեղի ունենում». Մի շատ լուրջ խնդրի մասին

- in Հասարակություն
mard

Վերջերս շատ է խոսվում պետական կառավարման համակարգից տարատեսակ արտահոսքերի՝ փաստաթղթերի ու տեղեկատվության տեսքով արտահոսքերի մասին:

Անգամ վարչապետը հումորով արտահայտվեց այն մասին, թե կան մարդիկ, ովքեր սպասում են որևէ մի գրության շրջանառմանը մալբրի համակարգով, որպեսզի այն ուղարկեն այս և այն կողմ:

Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրառում է կատարել այն մասին, որ հարկային խորհրդատվության ծառայություն մատուցող մի ընկերությունից գովազդային SMS հաղորդագրություն է ստացել իրավաբանական անձանց գրանցման պետական գործակալությունում (պետռեգիստր) որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուց կարճ ժամանակ անց, ու հռետորական հարց է հնչեցնում. «պետռեգիստրում ինֆորմացիաի արտահո՞սք ա տեղի ունենում»:

Կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսին է վիճակն առևտրային գաղտնիք հանդիսացող այն մեծածավալ տեղեկատվության հետ կապված, որը բազմաթիվ քաղաքացիներ ու իրավաբանական անձինք ներկայացնում են տարբեր նախարարությունների, ՊԵԿ-ին և այլ գերատեսչությունների:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսին է ընդհանրապես վերաբերմունքը ստացվող տեղեկատվության անվտանգության հանդեպ, նշենք, որ օրինակ ՊԵԿ պաշտոնական կայքում որպես ՊԵԿ աշխատակցի հետ կապի միջոց է նշված mail.ru էլեկտրոնային ծառայությունում գրանցված իր անձնական էլեկտրոնային փոստը:

Առաջին հայացքից մանրուք թվացող այս երևույթը իրականում լուրջ խնդիր է, քանի որ տարբեր հարկ վճարողներ տարբեր և որպես կանոն առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են փոխանցում ենթադրելով, որ դրանք պաշտպանված են ու համեմատաբար ապահով: Սակայն փաստորեն դրանք ուղարկվում են այնպիսի էլեկտրոնային հասցեների ու անձանց, որոնց համապատասխան պաշտպանվածությունը, տվյալ փոստարկղին հասանելիություն ունեցող անձանց շրջանակը, ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանման պարտավորությունները խիստ կասկածելի են:

Հայտնի չէ, թե ինչ ծավալով և ուր կարող են գնալ ասենք օրինակ հարկ վճարողների վերաբերյալ առևտրային գաղտնիք հանդիսացող այս կամ այն տեղեկությունները: Ի վերջո, հայտնի չեն այդպիսի բացահայտված դեպքեր: Եվ սա բնական է. Եթե արտահոսքի քաղաքական նպատակով օգտագործման դեպքում հրապարակումը ենթադրվում է, ապա առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հավանական ստացողները այն իհարկե չեն հրապարակի՝ պարզապես կօգտագործեն մրցակիցների հետ տարատեսակ հարցերի լուծման նպատակով:

Հատկապես տնտեսական հեղափոխության վերաբերյալ հայտարարության պայմաններում, այս հարցերն ավելի են կարևորվում: Առողջ մրցակցության ապահովումը տնտեսական առողջ միջավայրի ձևավորման կարևոր պայմաններից է:

Բացարձակապես նորություն չէ հատկապես ժամանակակից պայմաններում տեղեկատվական անվտանգության հարցերին հետևելու խիստ անհրաժեշտությունը:

Պարզապես կարելի է նախ բացառել այնպիսի անփույթ մոտեցումն, ինչպիսին է աշխատանքային նպատակներով mail.ru, rambler կամ համանման փոստային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից տրված անձնական փոստային էլեկտրոնային հաշիվների և ընդհանրապես՝ անձնական էլեկտրոնային հաշիվների օգտագործումն իրենց աշխատանքային պարտականությունները կատարող պետական ծառայողների կողմից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...