ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը չի կորել, տեղը գիտենք

- in Պնակալեզներ

ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը չի կորել, տեղը գիտենք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց, որ դա Ազգային անվտանգության խնդիր է, քանի որ պաշտպանության նախկին նախարարն է կորել:

«Չի կորել, տեղը գիտենք»,- ասաց Վանեցյանը:

Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, որ նա պետք է վերադառնա Հայաստան եւ պատասխանի նախաքննական մարմնի հարցերին: «Երկիրը լքածներին պետք է հասկացնել, որ Հայաստանը պետություն է եւ պետությունում բոլոր օրենքները գործում են: Մենք հասկացանք, որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր ունեցել են լիզենցիա՝ կողոպտելու, մարդ խփելու եւ անպատիժ են մնացել: Կարծում եմ, որ գոնե այս պահին անպատիժ լինելու հնարավորություն չկա»:

Մենք իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն եւ կապեր ունեցող անձինք բացահայտվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը։ Մենք ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, նաեւ իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն եւ կապեր ունեցող անձինք բացահայտվեն»:

Հիշեցնենք, որ Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ չպետք է թույլ տալ, որպեսզի «Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: