«Ջերմուկ»-ի Աշոտ Արսենյանի ունեցվածքը. Միլիարդավոր դրամների եւ միլիոնավոր դոլարների փոխառություններ, 5 անշարժ գույք

Ashot Arsenyan

ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը («Ջերմուկ»-ի Աշոտ) պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 13-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Արսենյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 3 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 հողամաս։ Որպես շարժական գույք Արսենյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ « MERCEDES-BENZ E250 D» եւ «MERCEDES-BENZ S63 AMG» մակնիշների։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, որպես արժեթուղթ Արսենյանը հայտարարագրել է 540 մլն դրամի չափով բաժնեմաս։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Արսենյանը 8 տարբեր չափերի հանձնած փոխառություններ է ունեցել՝ 7 մլրդ 545 մլն 146 հազար 729 դրամի չափով, 78 մլն 967 հազար 143 դրամի չափով, 42 հազար 659 եվրոյի չափով, 766 հազար 533 դոլարի չափով, 3 մլն 459 հազար 874 դոլարի չափով, 5 մլն 674 հազար 316 դոլարի չափով, 102 հազար 18 եվրոյի չափով եւ 50 մլն դրամի չափով:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Արսենյանի դրամական միջոցները կազմել են՝ 50 մլն դրամ, 7 մլն 13 հազար 337 դոլար, 20 հազար եվրո եւ 492 հազար 506 ռուբլի:

Արսենյանի եկամուտները 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել են՝ 168 հազար 900 դրամ եւ 40 հազար 418 դոլար, որից 118 հազար 550 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած գումարը գոյացել է 3 տարբեր ստացված փոխառություններից՝ 50 հազար 350 դրամի չափով, 515 դոլարի չափով եւ 39 հազար 903 դոլարի չափով: