«Սասնա Ծռեր»-ը սադրանքով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկների բաց նամակը

- in Հասարակություն

Արցախի Մարտունի քաղաքի մի խումբ ազատամարտիկներ բաց նամակով դատապարտել են «Սասնա Ծռեր» կուսակցության այսօր տարածած այն հայտարարությունը, որով իբր խոչընդոտվել է շրջկենտրոնում կազմակերպված այդ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակչության հետ:

Նամակի մեջ ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, օրերս «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում բնակչության հետ հանդիպում են կազմակերպել: Դժգոհ մնալով հանդիպման մասնակիցների սակավ քանակից՝ նրանք հայտարարություն են տարածել, թե իբր Մարտունի քաղաքի ազատամարտիկները նախապես ձեռնարկել էին հնարավոր բոլոր միջոցները հանդիպման կայացմանը խոչընդոտելու համար: Թեմային առանձին հնչեղություն տալու նպատակով նրանց տարածած հայտարարության մեջ հիշատակվում է Արցախյան ազատամարտի վետերան Սամվել Աբրահամյանի անունը, ինչպես նաև առանց փաստերի ներկայացվում մտացածին ինչ-որ մեքենաների շարժ՝ այսօրինակ էժանագին սադրանքների միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ անելով:

Մենք՝ Մարտունի քաղաքի ազատամարտիկներս, խիստ դատապարտում ենք այդպիսի շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը: Մենք երբեք մեր մեջ թշնամիներ չենք փնտրել, և երբևիցե որևէ մեկից չենք վախեցել, դրա վառ ապացույցը անառիկ պահված Մարտունին է: Կարծում ենք՝ այսքանով ամեն ինչ ասված է»:

Նամակի տակ ստորագրել են Արցախյան ազտամարտի մի խումբ վետերաներ՝ Ավանեսյան Արամ, Աբրահամյան Նվեր, Սարգսյան Հայկ, Ավագյան Գարիկ, Սարգսյան Կամո, Արտաշյան Արտաշ, Խաչատրյան Արթուր, Մելքոմյան Միքայել, Օսիպյան Միքայել, Սարգսյան Նաիրի, Ավանեսյան Արմեն, Խաչատրյան Վարդան, Հարությունյան Վյաչեսլավ, Հարությունյան Մխիթար, Մաիլյան Մարտիկ, Աղաջանյան Նորայր, Աբրահամյան Կառլեն, Սարգսյան Վիտալի, Գրիգորյան Վալերի, Մուսաելյան Կամո, Պետրոսյան Հենո, Մուսաելյան Օբեթա, Մանգասարյան Արմեն, Ավագյան Սենորիկ, Ղարիբյան Էդիկ, Սարգսյան Վլադիկ, Մկրտչյան Շմիթ, Ջամալյան Արթուր, Ղարիբյան Արեգ, Հայրապետյան Կարեն, Հակոբյան Արսեն, Հարությունյան Փայլեր, Ստեփանյան Հրաչիկ, Ստեփանյան Վլադիկ, Վանյան Ռոբիկ, Աղասյան Վլադիմիր, Աղասյան Գրիշա, Պողոսյան Նելսոն, Խաչատրյան Ռաֆայել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...