Սարգսյանը ձեռք չտվեց Քոչարյանի օրոք ապօրինի հարստացածներին ու բյուջե չվերադարձրեց թալանված միլիարդները

- in Կեղտոտ լվացք
serzh-robert

Հասարակության մեջ որոշակի դժգոհություն կա, որ տարիներ շարունակ պետությունից ու ժողովրդից թալանածը վերադարձնելու գործընթացը դանդաղում է, ու արդարության վերականգնումը, որն այնքան ոգեւորել էր մարդկանց հեղափոխության օրերին, ցանկալի արագությամբ չի ընթանում։

Մյուս կողմից էլ՝ արդարության վերականգնման պոտենցիալ զոհերը քարոզչական ակտիվ մանիպուլյացիաների են դիմում։ Եվ, օրինակ, անցումային արդարադատության ինստիտուտներ ստեղծելու մտադրությունը ներկայացնում են որպես «ստալինյան տրոյկաների» համակարգ ներդնելու փորձ, առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման հայեցակարգը ներկայացնում են որպես «կուլակաթափության օրինականացում», եւ այլն։

Թե ինչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը՝ մոտավորապես հասկանալի է։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում արդարադատությունն աղճատված է եղել, ու դատախազությունում կամ դատարաններում «քյաշ փողով» հնարավոր է եղել լուծել ցանկացած (կամ՝ համարյա ցանկացած) հարց։ Արդյունքում հազարավոր քաղաքացիներ անարդարության զոհ են դարձել, զրկվել են ունեցվածքից կամ ազատությունից, բայց այսօր ոչինչ փոխել հնարավոր չէ, որովհետեւ ապօրինի որոշումները դատական բոլոր ատյաններում հաստատվել են, իսկ Եվրոդատարանը նման «մանր-մունր» գործերը կամ չի ընդունում, կամ գործընթացը տեւում է տարիներ ու անգամ տասնամյակներ։ Անցումային արդարադատության ինստիտուտն, այսպիսով, այդ հազարավոր գործերը վերանայելու եւ արդարությունը վերականգնելու միակ լեգիտիմ ձեւն է, եւ վստահաբար՝ հազարավոր քաղաքացիներ դրան են սպասում իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։

Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձմանը կամ «մեղավորության կանխավարկածին», ապա այստեղ պետք է հաշվի առնել հետեւյալ հանգամանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիպուկ օրինակ է բերում՝ իսկ նորմալ կլինի՞, եթե իր որդին մի ճամպրուկ փող տանի որեւէ բանկ ու հաշվեհամար բացի։ Իհարկե նորմալ չի լինի, ու ինքը հիմա նախկինում կատարված այդ «աննորմալությունների» դեմ է պայքարում։ Իսկ ահա նախկիններն ուղղակի երջանիկ կլինեին, եթե հենց այդպես էլ լիներ, ու մի քանի տարի անց հանկարծ պարզվեր, որ Փաշինյանի ընտանիքի անդամներն ու առանց բացառության բոլոր ազգականները «բացառիկ գործարար ջիղ ունեն» (ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում իր եղբայրների մասին, կամ Ռոբերտ Քոչարյանը՝ ավագ որդու մասին)։ Նախկինները շատ կցանկանային, որ հենց այդպես էլ լիներ, որովհետեւ դա ինչ-որ չափով «կլեգիտիմացներ» իրենց արածները ու «ազնիվ աշխատանքով վաստակածը» հանգիստ վայելելու երաշխիքներ կտար։

Ինչո՞ւ 2008-ին նախագահի պաշտոնը ստանձնելով՝ Սերժ Սարգսյանը ձեռք չտվեց Քոչարյանի օրոք ապօրինի հարստացածներին ու չփորձեց բյուջե վերադարձնել թալանված միլիարդները։ Պատճառը միայն այն չէր, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «ինչ արել էին՝ միասին էին արել»։ Ավելի կարեւոր պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր՝ իր իշխանությունը հավերժ չէ, ու եթե ուզում է, որ հաջորդ իշխանություններն իր «ազնիվ աշխատանքով վաստակածը» չտանեն, ինքը պիտի իր նախորդի տարածին ձեռք չտա։ Ճիշտ նույն տրամաբանությամբ կգործեր նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե մտադիր լիներ գնալ նախորդների ճանապարհով ու «ազնիվ աշխատանքով» միլիոններ կուտակել, որովհետեւ ինքը նույնպես գիտի, որ իր իշխանությունը (եւ ընդհանրապես՝ որեւէ իշխանություն) հավերժ չէ։ Ու եթե դա գիտակցելով մտադիր է արմատավորել առանց դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման (եւ ընդհանրապես՝ «մեղավորության կանխավարկածի») ինստիտուտը, նշանակում է՝ ինքն իր համար բացառել է նախկինների ճանապարհով գնալը։

Ու նաեւ սա է, որ մտահոգում է նախկիններին, որովհետեւ «մեկ ա՝ ինքը մեր ախպերն ա» քարոզչական հնարքը չի աշխատում։ Իշխանական համակարգում գուցե այդպիսի ծպտված «ախպերներ» դեռ պահպանվել են ու ներսից սաբոտաժի են ենթարկում արդարության վերականգնման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման փորձերը, բայց դա հազիվ թե որեւէ լուրջ արդյունք տա։ Հանրային աջակցությունն այնուամենայնիվ հզոր զենք է։