Սիլվա Համբարձումյանն առերեսվել է Օսկանյանի հետ. Քոչարյանի, Բուլկի Արամի կաշառքի և արաբների մասին

- in Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի և գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ քրեական գործը վերաբացելու մասին բողոքի քննությունը:

Այսօր դատարան է այցելել նաև գործարար Սիլվա Համբարձումյանը, ով ցուցմունք է տվել Արամ Հարությունյանի դեմ:

Լրագրողների հարցին, թե Արամ Հարությունանը որքա՞ն կաշառք է վերցրել իրենից, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Ես արդեն երեք տարի է՝ նշում եմ, այդ գումարն անփոփոխ է, 14 միլիոն դոլար է: Դրանից 8 միլիոնը արդեն հստակեցված է, որովհետև դա փոխանցում է, իսկ 6 միլիոնը, որը տրվել էր կանխիկ Սուրեն Ավագյանի միջոցով, նա էլ է փախած: Նա իր համակուրսեցին էր ու նաև իր նազիր-վեզիրը»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալու մասին հարցին, Սիլվա Համբարձումյանն ասաց, որ ինքը Սամվել Մայրապետյանին է տվել գումարը, հասել է Քոչարյանին, թե ոչ, չգիտի:

«Ինչ ասել եմ Մայրապետյան Սամվելի հետ կապված, ես պնդել եմ ու միշտ կպնդեմ, որովհետև դա իրականություն է»,- ասաց նա:

Սիլվա Համբարձումյանը հավելեց, որ առաջիկայում կաշառքի հետ կապված ոչ մի նոր անուն չի բացահայտելու: «Ինչ որ եղել է, արդեն եղել է»,- հավելեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ առերեսվել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ, բայց ոչ կաշառքի գործով: «Ես նրան ոչինչ չեմ տվել, առերեսվել ենք, երկուսս էլ նույնն ենք ասել: Իր հետ կապված հարցը կաշառքը չէր, այն էր, թե ինչ ճանապարհով են արաբները եկել Հայաստան»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...