Վանդալիզմ Կենտրոնական ավտոկայանում. Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» – Լուսանկարներ

- in Կեղտոտ լվացք

Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո սենյակները պարզապես ավերակի են վերածել: Նվազագույնը կարելի է համարել վանդալիզմ:

Նշենք, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել՝ ապօրինի: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այդ տարածքները վարձակալված չեն եղել, քանի որ նման պայմանագրեր չկան: Ոստիկանության 6-րդ վարչությունն էլ մարտի 11-ին գնացել էր Կենտրոնական ավտոկայան ոչ միայն «զավթված» տարածքը ազատելու, այլեւ գործողություններ էին իրականացնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ Կենտրոնական ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազարավոր դրամների հասնող հոսանքի վարձ։

«Հայավտոկայան» ՓԲԸ-ն ունի 27 ավտոկայան եւ 5 ենթակարգավարական կետ, դեկտեմբեր ամսին հոսանքի համար ընդհանուր վճարվել է 2 մլն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել են կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսերը։ Սա նշանակում է, որ չարաշահում միանշանակ կա»,- նշում է Մնացականյանը: Նա սպասում է, որ քննությունից հետո պարզվի՝ ինչ է եղել, որքանով է սրա հետ առնչվում Կոստանյանը: Հստակ է, սակայն, որ գրեթե 2 տասնամյակ, չունենալով ոչ մի պաշտոն ավտոկայանում, Բոգոն այնտեղ ունեցել է անձնական սենյակ եւ մի քանի սենյակներ, որոնք որպես հյուրանոց են ծառայել: Կենտրոնական ավտոկայանի նախկին տնօրենը եղել է Կոստանյանի եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը (Կոստանյանն իր ազգանունը՝ Սիմոնյան, փոխել է):

Մարտի 12-ին Բոգոյի մտերիմները այնտեղից հանում էին նրա իրերը, սակայն պարզվում է, որ միայն իրերը չէ, որ հանել են: Բոգոյի կողմից տարիներ շարունակ զբաղեցված տարածքի պատերը ամբողջովին քանդել են, իսկ հոսանքի լարերը եւ անգամ վարդակները բոլորը պոկել են: Պատերին սուրճ են լցրել, առաստաղն ավերակի վերածել:

«Հայկական ժամանակ»-ը ստորեւ տեղադրում է լուսանկարներ, որոնք արվել են օրեր առաջ, երբ դեռ քանդված չէին սենյակները եւ լուսանկարներ, որոնք արվել են այսօր:

(Օրեր առաջ)

(Այսօր)

Գրեթե 1 ամիս է՝ Կենտրոնական ավտոկայանի տնօրեն է նշանակվել Ռոման Համբարձումյանը: Նա աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Կենտրոնական ավտոկայանը կարգավորվի: Սակայն այդ ամենին զուգահեռ օրեր առաջ՝ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել են Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը դեռեւս չգիտի, թե ո՞վ է այրել, քանի որ փորձաքննությունը չի ավարտվել, սակայն նշում է, որ թշնամիներ չի ունեցել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...