«Վանոյի հետ եւ առանց Վանոյի» հուշագրության շնորհանդեսը

- in Մշակույթ
Vano Siradeghyan

Մարտի 29-ին տեղի ունեցավ գրող, լրագրող Վասակ Դարբինյանի նոր գրքի՝ «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գեղարվեստական հուշագրության շնորհանդեսը։

«Կարծես թե կատարել եմ իմ պարտքը Վանոյի հանդեպ եւ հույս ունեմ, որ հաջողվել է իսկապես որակյալ գիրք տպագրել»,-ասաց Դարբինյանը՝ հույս ունենալով, որ գիրքը կարող է նպաստել, որպեսզի Վանո Սիրադեղյանը վերադառնա: Խոսելով «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» հուշագրության անվանման մասին, գրողը մեկ նախադասությամբ բնորոշեց՝ Վանոյի հետ Հայաստանը հարուստ էր, առանց Վանոյի՝ որբացած:

Լրագրողների հետ զրույցում Դարբինյանը հայտնեց, որ նման գիրք ունենալու անհրաժեշտությունը տեսավ մեկուկես տարի առաջ, երբ ծանոթացավ ռուս գործարար Պյոտր Ավենի հրատարակած «Բերեզովսկու ժամանակը» գրքին։ «Երկար մտածում էինք՝ ով է այն մարդը, որի կերպարի շուրջ կարելի է նման գործ ստեղծել ու ներկայացնել այդ ժամանակաշրջանը, որը խորհրդավորության քողով է պատված մինչեւ հիմա։ Մարդիկ չգիտեն՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,- պատմեց նա՝ շեշտելով, որ գաղափարն իրեն հուշել է լրագրող Արտակ Ալեքսանյանը, որին էլ գրքի վերջում Դարբինյանը շնորհակալություն է հայտնում:

Դարբինյանի կարծիքով, եթե Վանո Սիրադեղյանը կարդա, ապա չի դժգոհի, հնարավոր է՝ ունենա որոշ դիտողություններ, ինչը եւ նորմալ է:

Գրողը՝ 28 լրագրողների, հասարակական ու պետական գործիչների, այլախոհների, իրավապաշտպանների, Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ հարցազրույցներով ներկայացրել է ղարաբաղյան շարժման ու նորանկախ Հայաստանի կենտրոնական դեմքերից մեկի՝ Վանո Սիրադեղյանի կյանքն ու գործունեությունը։

Գրքի վերջին հատվածում ընդգրկված է նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Վանո Սիրադեղյանի հետ, որը տարիներ առաջ տպվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: Հարցազրույցում Փաշինյանը հետաքրքրվում է, թե որտեղ է գտնվում Սիրադեղյանը, ինչով է զբաղված, եւ ինքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, թե վերջինս այս ընթացքում միշտ գտնվել է Հայաստանում:

Հեղինակի կարծիքով՝ գիրքը յուրօրինակ հուշապատում է՝ ժամանակաշրջանը վավերագրական ճշգրտությամբ ներկայացնելու հստակ նպատակադրումով: Դարբինյանը նկատեց, որ փորձել է հնարավորինս օբյեկտիվ լինել, իրականությունից չհեռանալ, չշեղվել եւ որ ամենակարեւորն է՝ իր վերաբերմունքը չպարտադրել ընթերցողին. «Խնդիր չեմ ունեցել Վանոյին փառաբանելու: Աշխատել եմ իմ կարծիքը շատ չհայտնել, դա արել են զրուցակիցներս, ընտրել եմ մարդկանց, որոնք հրաշալի ճանաչել են իրեն, այն մարդկանց, որոնք ծանոթ են եղել Վանոյի գրական, քաղաքական գործունեության շրջանին: Ամբողջությամբ հնարավոր չէր այս մեկ գրքում տեղավորել այն, ինչ ես մտածել եմ, կամ հիշում էի:

Վասակ Դարբինյանը դժվարացավ պատասխանել լրագրողների հարցին, թե նոր Հայաստանը կարո՞ղ է արդյոք նպաստել Սիրադեղյանի վերադարձին: «Վերադառնալու համար նախ եւ առաջ իր կամքն է անհրաժեշտ, ինչու ոչ՝ նաեւ այսօրվա իշխանության լայնախոհ եւ համարժեք վերաբերմունքը: Շուրջ 20 տարվա բացակայությունը մարդու վերաբերմունքը փոխում է ամեն ինչ նկատմամբ: Եթե պատասխանեմ, ապա պետք է 1999-2000 թվականների տրամաբանության մեջ տեսնեմ, բայց 21-րդ դարի տրամաբանությանը կարող է եւ չհամընկնել»,- ասաց Դարբինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...