Վրացիներիս և հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը – Լուսանկարներ

- in Միջազգային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն:

Առանձնազրույցից հետո Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Վրաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության նախագահն ասել է.

«Ուրախ եմ հյուրընկալել ձեզ Հայաստանում:

Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են և հազարամյակների պատմություն ունեն։

Երկու ժողովուրդներն էլ այս դարերի ընթացքում անցել են հսկայական փորձությունների միջով, սակայն մեզ միավորել է ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը, և այդ օրինակները բազմաթիվ են:

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին: Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ:

Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաև ցույց կտա, որ մենք բարի և բարեկամական ապագա ունենք»:

Նշելով, որ երկու երկրների հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Անցյալ ամիս Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցինք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ուզում եմ նշել, որ Թումանյանին մեծարեցին նաև Թբիլիսիում, և դա պատահական չէ: Թումանյանի մարդկային ու բանաստեղծական հետքը ոչ միայն Դսեղում, Երևանում ու Հայաստանում է, այլև` Թբիլիսիում ու Վրաստանում:

Հարգելի տիկին նախագահ, վստահաբար տեղյակ եք, որ Թումանյանն առանձնահատուկ համակրանք էր տածում Վրաստանի և վրացի ժողովրդի նկատմամբ: Դրա վկայությունն են նաև նրա հետևյալ խոսքերը. «Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»:

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ բարեկամ վրացի ժողովրդին մաղթել խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք: Թող անխախտ մնա հայ-վրացական բարեկամությունը: Թող խաղաղությունն ու բարեկեցությունը տարածվեն մշտապես Հայաստանում ու Վրաստանում և մեր երկու ժողովուրդների միջև»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում մասնավորապես նշել է. «Վրացիներիս և հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երևում: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը:

Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած և հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...