Տասնյակ հողակտորներ կան, որոնք պատկանում են այլ մարդկանց, բայց վկայականները գտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ

- in Սոցիալական
Manvel Grigoryan

Առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այս կամ այն մարդկանց, բայց որոնց սեփականության վկայականները գտնվել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ընդունված բան է եղել, որ պաշտոն ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են փայ-փայ անել նաեւ հողերը. «Մանվել Գրիգորյանի դեպքով՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով եւ ոչ մրցույթով: Այդ առումով այժմ ուսումնասիրություններ են կատարվում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Պտղունք, Ծաղկալանջ, Գրիբայեդով, Արտիմետ, Մեծամոր, Ակնալիճ համայնքներում: Այդ տարածքների վերաբերյալ մենք գրություն ենք ստացել, ըստ որի՝ տարբեր անձինք խոստովանում են, որ կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականություններից, կամ էլ այդ հողերի աճուրդը կայացել է ոչ օրենքով սահմանած կարգերով»:

Նրա խոսքով՝ այդ հողակտորների հետ կապված նախկինում տրված որոշումները պետք է կամ ճանաչվեն առ ոչինչ, կամ էլ դատարանը համապատասխան գնահատական կտա, որից հետո կորոշեն անելիքը:

Պապիկյանը վստահեցրեց, որ իրենք իրենց իրավասության շրջանակում դիմելու են համապատասխան մարմիններին՝ այդ հողերը հետ ստանալու համար. «Իմ հորդորով՝ մարզպետարաններն իրենց կայքերում արդեն իսկ ցուցադրում են իրենց տարածքներում կատարվելիք աճուրդները: Բացի այդ, մեր վարչություններից մեկը փաստաթուղթ է մշակում, որպեսզի հողերի սեփականաշնորհման կարգում ինչ-ինչ փոփոխություններ լինեն»:

Պապիկյանի կարծիքով՝ հողերի սեփականաշնորհման հետ կապված իրավական ակտերը, օրենքները բարելավման կարիք ունեն. «Նույնը վերաբերում է նաեւ Մեղրու ազատ գոտուն տրամադրվող տարածքին, որովհետեւ, նախնական տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ, իմանալով, որ այս տարածքը դառնալու է ազատ տնտեսական գոտի, նախապես այս տարածքները սեփականաշնորհել են, խոսքը վերաբերում է լումաներով սեփականաշնորհմանը, իսկ սա Ազգային անվտանգության ու պետական շահի խնդիր է»:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն 190 ծրագիր է ներկայացվել, որոնցից 14-ն արդեն իրականացվել է, եւս 31 ծրագիր իրականացման փուլում է: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը. «2018 թվականին սուբենցիոն ծրարգերի համար տրամադրվել է ավելի քան 1 մլրդ դրամ կառավարության կողմից, եւ այս ընթացքում իրականացվել եւ պատրաստվում է իրականացվել ասֆալտապատման ոլորտում 51 ծրագիր, խմելու ջրի ոլորտում՝ 11, կոյուղի՝ 3, ոռոգում՝ 7, փողոցային լուսավորություն՝ 24 բնակավայրերում, տեխնիկայի ձեռքբերում՝ 8, համայնքային շինությունների շինարարություն՝ 14, մանկապարտեզ, դպրոց՝ 15, այգիներ, պուրակներ, բակեր՝ 16 եւ մեկ աղբավայրի բարեկարգում:

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա մարտին ամփոփել ենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերի ցանկը եւ ունենք մոտ 512 սուբվենցիոն ծրագրեր՝ 22,6 մլրդ դրամի: Իհարկե, հնարավոր է այս ծրագրերի մի մասը հանձնաժողովը չընդունի, դա սովորաբար մի փոքր մասն է կազմում: Սա աննախադեպ ցուցանիշ է, որովհետև սուբվենցիան համայնքների ու կառավարության համատեղ ֆինանսավորում է՝ միջինում 50-50 տոկոս հարաբերակցությամբ, իհարկե, որոշ դեպքերում կառավարությունն ավելի շատ է տրամադրում, քան համայնքը։ Բայց այն, որ համայնքը կարող է 10 մլրդի աշխատանք կատարել իր համայնքում, 2-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել: Ջրամատակարարման համակարգերում փոփոխություն տեղի կունենա մոտ 110 բնակավայրերում»:

Սուրեն Պապիկյանը խոսեց նաև «Սեյսմիկ դպրոցներ» ծրագրի մասին, որի նպատակն է՝ դպրոցների սեյսմակայունության ապահովումը, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ըստ նրա՝ այս պահին ՀՀ-ում 5 դպրոցի շինարարություն կատարվում է, նախորդ տարի 26 դպրոցի համար կառավարության որոշում է ընդունվել, իսկ 2019 թվականին նախատեսվում է 30 դպրոցի շինարարություն սկսել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...