Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը լինելու են Վիեննայում, որտեղ նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում կունենա Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դել Բելենը: Կլինի՞ արդյոք Փաշինյան-Ալիեւ հանդիպում, այդ մասին հայտնի չէ:

Մի քանի շաբաթ առաջ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը իրենց ռեգիոնալ այցի ընթացքում հավաստիացրել են հանդիպելու պատրաստակամության մասին: Սակայն, հանդիպման կոնկրետ տեղ եւ օր համանախագահները չէին նշել: Նրանց հայտարարությունից հետո եղան հետաքրքիր զարգացումներ, Հայաստանի վարչապետի այցն Իրան եւ այնտեղ հնչեցրած քաղաքական հայտարարությունները, դրան զուգահեռ արցախ-իրանյան սահմանին Հայաստանի ԱԱԾ պետի արած հայտնի հայտարարությունը տարածքների ու վերաբնակեցման մասին:

Ի վերջո, մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում նա փաստացի հայտարարեց, որ հայկական կողմի համար «մադրիդյան սկզբունքներ» կոչվածն ընդունելի չէ:

Դրան նախորդել էր Մինսկի խմբի մեկ այլ հայտարարություն, որտեղ խումբը ակնարկել էր բանակցային ձեւաչափի «միակողմանի» փոփոխության անթույլատրելիության մասին: Դա մեկնաբանվել էր իբրեւ դիտողություն Նիկոլ Փաշինյանի, նաեւ ԱԱԾ պետի հայտարարությունների կապակցությամբ:

Սակայն, հենց համանախագահների այդ հայտարարությանն էլ պատասխանեց Երեւանը՝ Ստեփանակերտում համատեղ նիստով եւ վարչապետի ելույթով:

Դրանից բացի, օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում էլ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Արցախի բանակցային մասնակցությունը ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, այլ վերականգնում, որպես փաստարկային հիմք հղում անելով նույն ԵԱՀԿ փաստաթղթերին:

Բաքուն բնականաբար մերժում է այդ մոտեցումը, սակայն ակնառու է, որ Երեւանի երկխոսությունը համանախագահների, կամ ավելի շուտ միջազգային ուժային կենտրոնների հետ է՝ ներառյալ համանախագահ եռյակը, ոչ թե Բաքվի: Մի կողմից շատ հստակ դրված է, որ Բաքուն պետք է պատրաստ լինի խոսել Ստեփանակերտի հետ, մյուս կողմից նույնքան պարզորոշ ասվել է, որ Երեւանը պատրաստ է խոսել խաղաղությունից, եթե պատրաստ է Բաքուն:

Իսկ ի՞նչ է նշանակում խոսել խաղաղությունից, կամ պատրաստվել խաղաղության: Դա առաջին հերթին հենց նշանակում է խոսել Ստեփանակերտի հետ եւ սեփական հանրությանը պատրաստել դրան, որ Ստեփանակերտի հետ պետք է խոսել ոչ զենքի լեզվով:

Ալիեւը բավականին լավ հասկացել է խնդիրը: Նրա վերջին «ժողովրդավարական» շարժերը դրա վկայությունն են: Բաքուն արձանագրել է, որ Երեւանն ու համանախագահները, Երեւանն ու ռեգիոնալ իրադրությամբ շահագրգռված կենտրոնները այլեւս իրար հետ խոսում են բոլորովին այլ լեզվով, եւ Ադրբեջանը դուրս է մնում դրանից: Ալիեւը փորձում է «միանալ», հետ չմնալ: Հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ, եթե Ալիեւն անկարող է ադրբեջանցիների հետ խոսել խաղաղության լեզվով, ապա ինքը այդ լեզվով խոսելու բան ունի եւ պատրաստ է:

Դրանից հետո Ալիեւը տիկնոջ հետ դուրս եկավ «փողոց», ադրբեջանցիների հետ լուսանկարվելու, թեեւ իհարկե այնքան էլ հստակ չէ, թե լուսանկարվողներից քանիսն էին շարքային ադրբեջանցի եւ քանիսը անվտանգության աշխատակից: Բայց էականն իհարկե շարժն էր, ցուցադրությունը, որով Ադրբեջանի նախագահը փորձում էր «տեր կանգնել» իր հանրությանը:

Թավշյա հեղափոխությունից եւ Արցախի հարցում հայկական կողմի նոր մոտեցումներից հետո Ալիեւն ակնհայտորեն դուրս է մնացել իր «ափսեից»:

Ռազմական շանտաժը փորձը, որ նա արեց խոշոր զորավարժությամբ, Երեւանին ոչ միայն չշեղեց ընտրված ուղուց, այլ արժանացավ նույնիսկ կոնցեպտուալ եւ փաստարկված պատասխանի՝ Ստեփանակերտի հայտարարությամբ եւ Երեւանում ասուլիսի ընթացքում ներկայացված փաստերով:

Ընդ որում, ասուլիսից ժամեր անց հայտնի դարձավ եվրասիական ռեգիոնում Ադրբեջանի նախագահի հոգեւոր-քաղաքական հենասյուներից մեկի՝ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականը՝ 29-ամյա անդադար նախագահությունից հետո: Եվ որքան էլ Հայաստանում մի շարք մտավորական շրջանակներ փորձում են հանրությանը համոզել, որ Հայաստանն այդ ամենի հետ կապ չունի, Ալիեւն ի վերջո լավ է հասկանում, որ Նազարբաեւը իրավիճակ էր խորհրդանշում եւ անգամ «էպոխա», որը գնում է այն ռեգիոնալ իրավիճակից հետո, որը եկավ Հայաստանում թավշյա հեղափոխությամբ:

Երեւանում էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կխոսի, երբ ժամանակը գա, կամ այլ կերպ ասած՝ Նիկոլը շարունակում է լինել ճիշտ, Հայաստանը դուրս բերելով իր սխալի հետեւանքից: Ի վերջո, անհրաժեշտ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արեց Արցախից վերադառնալուց հետո, ուր գտնվում էր վերջին օրերին, այդ թվում մարտի 12-ի պատմական նիստի օրը: Իսկ Սարգսյանի մեկ նախադասությունը էական է այն հանգամանքի ֆոնին, որի մասին դեռ Դավոսից հետո արձանագրել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ խոսում են կարգավորման գործընթացի «պատմությունից», ինչը խորքային առումով նշանակում է հենց այն, որ Ադրբեջանի նախագահը հեռացող գնացքում է: Կհաջողվի՞ նրան ցատկել այլ ուղղությամբ ընթացող շարժակազմ:

Համանախագահները գործնականում մատնացույց արեցին, որ  դա այժմ կախված է Երեւանից, մասնավորապես, թե ինչ է ասելու Փաշինյանը Վիեննայում: Վիեննայի «կայարան» մեկնելուց առաջ Հայաստանի վարչապետը փակ հանդիպում է անցկացնում հայկական զինուժի հրամկազմի հետ, Ադրբեջանի նախագահի մոտ պատրանք թույլ չտալու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...