Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի. ո՞վ է նա

- in Մշակույթ
Dirijor

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ:

Վերջիններս Ղարիբյանից պարզաբանումներ էին պահանջում թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատակիցները կրկին հայտարարել են, որ չեն ցանկանում ուրիշ տնօրենի տեսնել թատրոնում: Նրանք ընդգծել են, որ Օրբելյանը մեծ ներդրում է կատարել օպերային արվեստում և իրենց կողմից սիրված ու ընդունված գործիչ է:

Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը պատասխանել է, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի: «Վստահեցնում եմ, որ ով նշանակվել է, իրոք արժանի է»,- հայտարարեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը՝ չբացահայտելով նոր տնօրենին:

Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Պարոն Օրբելյանը նշանակվել է տնօրեն օրենքի խախտումներով: Մենք փորձել ենք այս ամիսների ընթացքում հասկանալ՝ ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Կա օրենքի պահանջ, որը պետք է կատարել»:

Նա նշել է, որ արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից պարզել են, որ տնօրենն իրավունք չունի այլ աշխատանք զբաղեցնել բացի ստեղծագործական, մանկավարժական և գիտական գործունեությունից: «Մենք միաժամանակ պարզել ենք նաև, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ստեղծագործական չէ: Այսինքն, թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այդպես»,- ասել է նա՝ բացառելով այս հարցում որևէ միտումնավոր քայլ:

Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել է, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։ Այս մասին նշված է անձնակազմի տարածած հայտարարությունում:

Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։

Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող ԱՐՏԻՍՏՆԵՐԻ արդարացի պահանջին։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, նաեւ՝ չեղարկել Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, հակառակ դեպքում իրենք գործադուլ կիրականացնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին մարտի 30-ին թատրոնում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտնեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

«Այսօրվա ներկայացումը` «Դիմակահանդեսը», տեղի կունենա, քանի որ տոմսերը վաճառված են, կանցկացվի նաեւ ապրիլի 4-ին նախատեսված «Կախարդական ֆլեյտա» ներկայացումը: Բայց մենք պահանջում ենք Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ու եթե նա պահանջը չիրականացնի, մենք գործադուլ ենք իրականացնելու»,- շեշտեց Ավետիսյանը: Նրա հայտարարությունը ծափողջյուններով ընդունվեց:

Օպերային թատրոնի աշխատակիցները նաեւ որոշեցին մարտի 30-ից  ստորագրահավաք իրականացնել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Բեմադրիչ Նաիրե Ստեփանյանի խոսքով` Կոնստանտին Օրբելյանը մեծ կշիռ ունի աշխարհում: «Ով էլ նրան փոխարինի` տնօրեններ, օպերային արվեստից ինչ-որ բան հասկացող մարդիկ, ոչ մեկ չունի Օրբելյանի թափը, որ կարողանա մեր օպերային արվեստը բարձրացնել այն մակարդակին, որ աշխարհում մեզ ճանաչեն»,- շեշտեց նա:

Օպերային թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանն ասաց, որ գուցե շատերը չգիտեն, բայց Կոնստանտին Օրբելյանն իր անձնական գրպանից մեծ գումարներ է ներդրել թատրոնի համար: Նա պրոյեկտորներ է նվիրել թատրոնին, իր հաշվին լուրջ մասնագետների է արտերկրից Հայաստան հրավիրել բեմադրություններ անելու, վարպետության դասեր անցկացնելու համար:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց, որ Կոնստանտին Օրբելյանն իր գործի նվիրյալն է, իսկ նվիրյալներին պետք է բարձրացնել, ոչ թե փորձել ինչ-որ կերպ խանգարել: «Նա մարդ է, որը թողել է իր բարեկեցիկ կյանքը, եկել է Հայաստան, որ օգտակար լինի մեր մշակույթին, ու նա կարողանում է օգտակար լինել»,- ընդգծեց Սաթյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 29-ին հայտարարություն էր տարածել Կոնստանտին Օրբելյանի` օպերային թատրոնի տնօրենի լիազորությունները  դադարեցնելու մասին՝ նշելով. «Հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները:

Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով եւ պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը»: