Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժում են

- in Հասարակություն
opera

Երեւանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ սրճարաններից ազատված տարածքում կանաչ գոտիներ են ստեղծվելու:

Երևանի Ազատության հրապարակին հարող հատվածի սրճարանները կառուցվել են ինքնակամ և չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Ներկայումս Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է երեք սրճարան` «Անիվների վրա», «Համանվագ» և «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ներին պատկանող սրճարանները: Այս ամբողջը ինքնակամ կառույցներ են»,- ասաց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Երևանում կան հատվածներ, որոնք պետք է պահպանել. Ազատության հրապարակին, Կարապի լճին, Հանրապետության հրապարակին հարող և այլ տարածքներ:

«Իհարկե, սրճարանները նույնպես Երևանի կոլորիտային վայրերից են, բայց այս տարածքը, որն անմիջապես հարում է Օպերայի շենքին, պետք է բարեկարգվի: Այս հարցում չկան ոչ քաղաքական, ոչ անձնական, ոչ բիզնեսի նպատակներ»,- ասաց Մնացականյանը:

Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը խոչընդոտող սրճարանների տնօրենների հարցով զբաղվում է ոստիկանությունը:

«Կա Ոստիկանություն` մենք մեր աշխատանքը կիրականացնենք, ոստիկանությունը՝ իր աշխատանքը: Լույսը հիմա անջատել են, սպասում ենք, որ գեներատորները բերեն, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը»,- նշեց Մնացականյանը:

Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մեր քաղաքի բնակիչների ցանկությունից։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա գրառման մեջ ասված է․

«Օպերայի այգին մաքրելու մասին. Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետեւ քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։

Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, եւ այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։

Ուզում եմ մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։

Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մերքաղաքի բնակիչների ցանկությունից։

Հ.Գ. ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետեւանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միեւնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...