3-ամյա աղջնակը մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն

- in Առողջություն
hivandanoc

Մարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաներում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝  նրա կյանքը փրկելու համար:

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փսխել է:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցում գտնվող մանկապարտեզից մարտի 4-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխան մահացել է: Մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանն ասաց, որ երեխան բուժկենտրոն է ընդունվել «կլինիկական մահով», գիշերը արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը: «Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, դատաբժշկական փորձաքննություն է ընթանում»,-ասաց նա:

Հասկանալի պատճառներով բժշկական կենտրոնից հրաժարվեցին նշել երեխայի անունը: Սոցիալական ցանցերում քննարկում են, որ աղջիկ երեխային օգնության է հասել դայակը, երբ քնի ժամին տարօրինակ ձայներ է լսել ու պարզվել է, որ երեխան փսխում է: