ԱԳԼՃԿ-ների 90 տոկոսը ոչ բարվոք վիճակում է. Չի լինելու քաղաքական հաշվեհարդար

- in Տնտեսական

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համակարգում է գազալցակայաններում հասարակական զուգարանները բարվոք վիճակի բերելու խնդիրը:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ դա զբոսաշրջիկի աչքերով Հայաստանի մասին պատկերացում կազմելու տեսանկյունից էական նշանակություն ունի. «ԱԳԼՃԿ-ների 90 տոկոսը ոչ բարվոք վիճակում է, չնայած տնտեսվարողներն օրենքով սահմանված կարգով պարտավոր են ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ: Հիմա դրանք գտնվում են վերանորոգման փուլում: Նպատակն այն է, որ գազալցակայանները, որոնք գտնվում են միջպետական ճանապարհներին, ունենան բարվոք սանհագույցներ, ունենան դրանց տեղորոշումը նշող որոշակի զինվածությունը, այսինքն, ցուցանակ, որ այդտեղ կա հասարակական զուգարան»:

Ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը: Այս մասին այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը. «Ցավոք, այդ թիվը մեծ չէ, եւ սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը եւ առաջիկայում, երբ կհրապարակվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ»,- ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ որպեսզի համամասնական ընտրակարգը լինի ամբողջական եւ մոտեցումը ճիշտ լինի, միայն կուսակցական պատկանելության վրա պետք է շեշտը չդնել. «Փաստ է, որ գոնե մարզերում կուսակցությունները, ցավոք, բավարար կայացած չեն։ Եւ հանրային նախաձեռնություններին, քաղաքական եւ հասարակական խմբերին ավագանիում եւ համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք»։

Պապիկյանը անդրադարձավ նաեւ վերջին օրերին մի քանի համայնքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որտեղ բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարների հրաժարականը: Նա քաղաքացիներին խնդրեց, որ ակնկալիք չունենան, թե իշխանությունները պետք է իրենց իրավասություններից դուրս քայլեր կատարեն. «Տեղական հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռենք իրենց վերաբերմունքը հայտնել իրենց համայնքապետի նկատմամբ, այն է՝ այդ համայնքապետը պե՞տք է արդյոք պաշտոնավարի, թե ոչ։ Մենք դրա համար օրենսդրական մեխանիզմ ենք ստեղծում»։

Նա նշեց՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պաշտպանված են օրենքով՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ անկախ նրանից, թե երբ են պաշտոնավարել. «Չի լինելու քաղաքական հաշվեհարդար։ Եթե այդ ընթացքում նաեւ մեզ են փնովում եւ ակնկալում, որ կենտրոնական իշխանությունները պետք է օգտագործեն գործիքներ, որոնց իրավունքը չունեն, պետք է հիասթափեցնեմ»։

Մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին կմասնակցի 125-150 հազար քաղաքացի, ներգրավված կլինի շուրջ 1700 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում, մասնավորապես, կվերացվեն 6 աղբանոց և 447 աղբակույտ:

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով` դա լինելու է այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը և այն շարունակական բնույթ է կրելու:

«Ինչու եմ ասում առաջինը, որովհետև այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանը աղբից, իսկ դա անել մեկ օրում, մեկ շաբաթօրյակի միջոցով, իհարկե, հնարավոր չէ, և այս գործընթացը լինելու է շարունակական: Ամեն ամիս մենք ունենալու ենք մեկ օր, որը լինելու է համապետական մաքրության օր, և մեր քաղաքացիները այդ օրը մաքրելու են իրենց բակերը և այգիները… Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գիտակցենք. մեր տնից դուրս նույնպես մեր հոգածության ներքո տարածք գոյություն ունի»:

Նախարարի կարծիքով` դա բխում է զբոսաշրջության շահերից, ինչպես նաև դա երկրի պետական դիմագիծն է. «Այսինքն` մենք բոլորս հոգածությամբ ենք վերաբերում մեր անձնական տարածքին, մեր բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերը այլ է: Յուրաքանչյուրս կարող ենք նկատել, որ մեր քաղաքացու համար մի բան է մաքրությունը շքամուտքում, մի այլ բան՝ իրենց բնակարանում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...