ԱԱԾ-ն հայտնաբերել եւ ձերբակալել է «Ֆեյսբուք»-ում հայտնի ֆեյք էջի տակ թաքնված անձին

- in Պաշտոնական

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որը ստացվել է վարչապետից, արդեն կատարվել է: Այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը «Ֆեյսբուք»-ում ակնհայտ ապատեղեկատվություն տարածող «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» շատ հայտնի էջի տակ թաքնված անձն է: Հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հորդորեց գործի հետ կապված այլ մանրամասները ճշտել Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Նախաքննություն է իրականացվում, այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործելու հոդվածով»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթը փոխանցել է Քննչական կոմիտեին: