Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է ու իր հետ տարել երեխային. նա հրաժարվում է մեկնաբանել – Լուսանկարներ

- in Սոցիալական

Հայազգի ճանաչված բռնցքամարտիկ Արթուր Արահամն ամուսնալուծվել է: «Դատալեքս» որոնողական համակարգում հրապարակված տեղեկությունը, որ Արթուր Աբրահամն (Ավետիք Աբրահամյան) ու Մերի Աբրահամյանն ամուսնալուծվել են 2018 թ, դեկտեմբերի 20-ին: Գործում նշված են նաեւ մանրամասները:

Մերի Տիգրանի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի եւ այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Դատական նիստերից մեկի ընթցաքում Մերի Աբրահամյանի փաստաբանը հայտնել է, որ ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները եւ համատեղ տնտեսություն չեն վարում: Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից: Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան: 13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել եւ առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիա:

Նա ավելացրել է, որ 2017 թ. ընթացքում իր վստահորդի եւ պատասխանող Ավետիք Գրիգորի Աբրահամյանի հետ նոտարական կարգով կնքվել են գրավոր համաձայնություններ, համաձայն որոնց Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայնվել է, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, առանց Մերի Տիգրանի Աբրահամյանի գրավոր համաձայնության չի կարող հոր հետ մեկնել այլ երկիր, եւ որ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը պետք է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար ալիմենտ վճարի: Պատասխանողը պարտավորվել է համաձայնություններով նախատեսված պարտականությունները կատարել մինչեւ երեխայի չափահաս դառնալը:

Արթուր Աբրահամի փաստաբանը դատարանին հայտնել է, որ իր վստահորդը չի առարկում ամուսնալուծության պահանջի դեմ: Նշել է, որ ներկայումս իր վստահորդը երեխայի հետ գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Ավելացրեց, որ սույն գործով դատարան չի ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը, ուստի երեխայի նկատմամբ հայցվորի մայրությունը հաստատված չէ, չկա եզրակացություն եւ երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտ, ուստի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու եւ ալիմենտային համաձայնությունը հաստատելու վերաբերյալ հայցապահանջները ենթակա են մերժման:

Մերի Աբրահամյանի հայցը բավարարվել է մասնակի. դատարանը լուծել է ամուսնությունը: Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով վավերացված 12.01.2018թ. համաձայնության, իր բնակության վայրը սահմանելու, նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի եւ այդ միջոցների չափի մասին 06.10.2017թ. հաշտության համաձայնությունը /ալիմենտ վճարելու մասին/ հաստատելու պահանջների մասին, մերժվել է:

Արթուր Աբրահամի մամուլի խոսնակը նշեց, որ նա հրաժարվում է մեկնաբանություն տալ անձնական կյանքի վերաբերյալ:

Մերի Աբրահամյանն ու Արթուր Աբրահամն ամուսնացել են 2015 թ. սեպտեմբերին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...