ԱԺ-ն ընդունեց բաժնետիրական ընկերությունների ու ՍՊԸ-ների մասին օրենքներում փոփոխությունները կատարելու մասին նախագծերը

- in Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով անդամ Հայկ Գևորգյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո եղած բոլոր առաջարկներն ընդգրկվել են օրենքի նախագծում. «Հանձնաժողովի նիստում քննարկումների ժամանակ հնչած բոլոր առաջարկները տեղ են գտել երկրորդ ընթերցմամբ բերված նախագծում: Կարծում եմ՝ ավելացնելու ոչինչ չկա»:

Փոփոխությունների նախագիծն ընդունվեց 97 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվում է սահմանափակել դուստր և կախյալ ընկերությունների կողմից հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերի ձեռքբերումը: Առաջարկվում է սահմանել, որ բաժնետերերի ժողովում որևէ դասի արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող որոշում կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը: Սահմանափակումը վերաբերելու է արտոնյալ բաժնետոմսերի համար որոշված շահաբաժինների նվազեցման հաշվարկման և կամ վճարման կարգին վերաբերող փոփոխությունների իրավունքների սահմանափակմանը: Կառավարությունն առաջարկում է նաև, որ բաց բաժնետիրական ընկերություններում տնօրենների խորհրդում լինեն անկախ անդամներ: Անկախ տնօրենի համար առաջարկվում են որոշակի սահմանափակումներ: