dat

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի փակ գաղտնի քվեարկության արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, քվաթերթիկներից 2 անվավեր են ճանաչվել, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի օգտին ստացվել է 24 կողմ, 75 դեմ քվե:

ՍԴ  դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, ով ԱԺ կողմից այսօր ՍԴ անդամ չընտրվեց, լրագրողների հետ զրույցում ասաց, որ միտում է տեսնում իրեն չընտրելու հարցում:

Նա նաև հավելեց, որ անհիմն են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պնդումները, թե թեկնածուի գրանցման փաստաթղթերի հետ  կապված խառնաշփոթ է ստեղծվել. Ես չգիտեմ պատճառները, կարող եմ ասել, որ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բոլոր նախապայմաններին բավարարում եմ: Եվ հենց պարոն Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ամենից շատն էր քննարկվում այդ հարցը՝ մասնագիտական փորձառության, հենց ինքը իր ձեռքով ընդմիջման ժամանակ հաշվեց ու ստացավ իր ուզած թիվը, այսինքն՝ 15 տարուց ավելի: Միևնույն է, դրանից հետո, երբ որ ինքը համոզվել է, որ ես բավարարում եմ այդ նախապայմանը, միևնույն է, հայտարարվեց, որ չեմ բավարարում: Ես դա չհասկացա ճիշտն ասած: Բոլոր դեպքերում ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմը, որը բարձրացվեց ու այդքան քննարկվեց, արհեստական էր:

Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ ինքն էլ է կարդացել մամուլում, որ ԱԺ մեծամասնությունը ՍԴ դատավորի այլ թեկնածու ունի. Ես գրեթե համոզված եմ, որ իրականում ոչ ոք կասկած չունի, որ ես բավարարում եմ այդ պաշտոնին: Մարդիկ խոսում էին այդ մասին, և իմ տպավորությամբ ոչ ոք չէր ուզում ստուգել փաստաթղթերը: Ես ասում եմ՝ փաստաթղթերը կան, խնդրում եմ, ստուգեք, բայց ոչ ոք չէր ուզում:

Հարցին, թե այսինքն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բարձրացրած հարցը անհի՞մն էր, որ փաստաղթղթերի առումով խառնաշփոթ է ստեղծվել, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. Բնականաբար, և տարօրինակ էր ինձ համար պարոն Միրզոյանի այն պնդումը, թե լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու արդյունքում առաջացել է խառնաշփոթ, երբ որ օրենքը հենց տալիս է այդ հնարավորությունը, որ ներկայացվեն փաստաթղթեր, որոնք հստակություն են մտցնում: Այդ փաստաթղթեր ներկայացնելը ոչ թե խառնաշփոթ է ներկայացնում, այլ հակառակը, հստակություն:

Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը շեշտել է իր ելույթում,որ հատուկ խուսափում է քաղաքական գնահատականներից, որովհետև այս պահին իր կարգավիճակում քաղաքական գնահատական տալը սխալ է:

Համացանցում քննարկվում է, որ Գոռ Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց պատգամավորների՝ Մարտի մեկի դեպքերի մասին հարցերին. Հստակ պատասխան ակնկալել մի հարցի վերաբերյալ, որը 10 տարուց ավելի այս պետության մեջ չի լուծվում և որը քննում են իրավապահ մարմինները, ինձ թվում է, այդքան էլ լուրջ չէ: Բացի դրանից, ես մի քանի անգամ շեշտեցի, որ ՍԴ դատավորը քաղաքականությամբ չի զբաղվում, և ՍԴ-ն քաղաքական մարմին չէ: Եվ ինձանից քաղաքական գնահատականներ պետք չէ ակնկալել:

Գոռ Հովհաննիսյանը նաև ասաց, որ պատրաստվում է մեկնել Հայաստանից, քանի որ ընդամենը երկու շաբաթով էր եկել:

Ո՞վ է ասում, որ մենք դեմ ենք,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուի նկատմմաբ Իմ քայլը խմբակցության վեաբերմունքին:

Լրագրողների դիտարկմանը, որ իրենց ելույթներից տպավորություն է, որ դեմ են Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. Ես ինչ եմ ասել, ես խոսել եմ ԱԺ նախագահի ու աշխատակազմի անունից և ասել եմ, որ որպեսզի հնարավորություն տրվի իրավասու մարմնին՝ հանրապետության նախագահին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները, հնարավորություն եմ տվել գրանցվել թեկնածուին, այնուհետև նամակով դիմել եմ և առաջարկել ձևական սխալները շտկելու համար ուղարկել ամեն ինչ հայերեն և ապացույցներ ուղարկել, ինչը օրենքը սահմանում է:

Հարցին, թե ինչո՞ւ հստակ դիրքորոշում չկա, Իմ քայլը խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի թեկնածուի նկատմամբ, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ թեկնածուից հարցրեք:

Դիտարկմանը, որ միգուցե հատուկ բոյկոտո՞ւմ են, նա պատասխանեց. Եթե այդպես լիներ, ես ունեի բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցել թեկնածուին:

Դիտարկմանը, որ գուցե ձևական են գրանցել՝ ցույց տալու համար, որ դեմ չեն, ԱԺ նախագահը նման պատասխան տվեց. Ինչի՞ համար: Հարգելիներս, Լեզվի  մասին օրենքն ու Սահմանադրությունը ես մեջբերեցի, ասում են, որ ամեն ինչ պետք է լինի հայերեն: Որպեսզի Գոռ Հովհաննիսյանին օրենքի տառից կառչելով ձևական պատճառաբանությամբ չսահմանափակվի այդ հնարավորությունը, նա գրանցվել է: Եվ այդքանից հետո դուք ասում եք, որ արհեստական խոչընդոտ է ստեղծվում Գոռ Հովհաննիսյանի համար, որպեսզի հնարավորության դուռ բացվի Վահե Գրիգորյանի համա՞ր: Տրամաբանությունն ինձ բոլորովին հակառակն է հուշում, ես գրանցում եմ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո հնարավորություն տալիս, որ եղած բացերը լրացվեն, դրանից հետո դուք եկել ու ասում եք, որ Գոռ Հովհաննիսյանի առջև խոչընդոտնե՞ր են ստեղծվում:

Հարցին, որ ամիսներ շարունակ քննարկվել է, որ Իմ քայլը խմբակցությունը Վահե Գրիգորյանին է տեսնում ՍԴ դատավորի թեկնածու, Արարատ Միրզոյանը պատասխանեց. Ես չգիտեմ ով ում ինչ է տեսնում: Մենք քննարկում ենք Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Արհեստական խոչընդոտ Գոռ Հովհաննիսյանի թեկնածության համար ոչ միայն չի ստեղծվել, այլև ճիշտ հակառակն է եղել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...