ԱԺ-ում Հարկային օրենսգրքի եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթի լսումներ են

- in Պաշտոնական

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում կազմակերպել է Հարկային օրենսգրքի եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթի լսումներ։

Նախագիծն ԱԺ է մտել մեկ ամիս առաջ։ Այս ընթացքում պատգամավորներն արդեն առաջարկություններ ներկայացրել են։

Այսօրվա նիստը վարում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց փոփոխությունների փաթեթը՝ նախ նշելով, որ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել՝ մեր երկրում ներկայումս ձեւավորված տնտեսական իրողություններն ախտորոշելու համար։

«Առաջին անհանգստացնող միտումը, որը նկատել ենք, այն էր, որ արտահանմանը միտված տնտեսության ճյուղերի շահութաբերությունն էականորեն զիջում է տնտեսությունում ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերությանը՝ մոտ 2,5 անգամ։ Սա իր հետեւից բերում է մեկ այլ միտում, որ ներդրումները հիմնականում կատարվում են ավելի շահութաբեր ոլորտներում՝ ներքին սպառմանը միտված։ Մյուս կողմից մենք, իբրեւ բաց տնտեսություն ունեցող երկիր, չենք կարող մեր երկրի տնտեսության զարգացման հեռանկարը կապել երկրի ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի զարգացման հնարավորությունների հետ եւ պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք խրախուսել արտահանումը՝ դրանով իսկ կայուն նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար»,-ասաց փոխնախարարը։

Արտահանողներին աջակցելու մասով նա նշեց, որ հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են այն առումով, որ արդեն իսկ ԱԱՀ-ից եւ ակցիզային հարկից ազատված է արտահանվող ապրանքը, հետեւաբար՝ աջակցության հիմնական ռեսուրսը կամ ուղղությունը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը։ Այս նախագծով այդպես էլ առաջարկվում է, մասնավորապես՝ առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով եւ ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափերի համակարգ՝ սկսելով 2020 թվականի հունվարի մեկից 23 տոկոս դրույքաչափով, այնուհետ ամեն տարի նվազեցնելով մինչեւ 20 տոկոս։

Արման Պողոսյանն ասաց, որ, բնականաբար, այս փոփոխությունները հանգեցնում են պետբյուջեի հարկային եկամուտների կորստին․

«Օգտագործելով առիթը՝ նշեմ, որ դեռեւս 2018-ի հունիս-հուլիսից սկսած մեր վերլուծությւոնները հիմնված են եղել 2017-ի ամփոփ ցուցանիշների վրա, որովհետեւ այդ պահին 2018-ի տվյալներ պարզապես չէին կարող լինել։ Բայց, հաշվի առնելով այն, որ նախագծի մշակման, հետագա քննարկումների, կառավարության հավանությանն արժանացման, ԱԺ ներկայացման գործընթացը գործընթացը տեւական ժամանակ ընդգրկեց, որի ընթացքում ավարտվեց 2018-ը, մենք ամփոփել ենք նաեւ 2018-ի տվյալները, որպեսզի պատկերն ամբողջական լինի»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ 2017 թվականին եկամտային հարկի կորուստը գնահատվել է շուրջ 27․5 մլրդ դրամ, շահութահարկի գծով կորուստը՝ շուրջ 11 մլրդ դրամ։ Այս կորուստը փոխհատուցելու նպատակով նախաձեռնվեց անուղղակի հարկերի գծով բեռի բարձրացման քաղաքականություն, որը, ըստ փոխնախարարի, համահունչ է մեզ հետ համադրելի այլ երկրներում իրականացվող քաղաքականությանը։

«Մենք որոշեցինք, որ ԱԱՀ-ի դրույքաչափի հետագա բարձրացումից ձեռնպահ ենք մնալու, քանի որ ԱԱՀ-ն ընգծված ռեգրեսիվ հարկատեսակ է, եւ նրա դրույքաչափի յուրաքանչյուն տոկոսային կետի բարձրացում հանգեցնելու է աղքատության խորացման։ Այս պարագայում այլընտրանքները շատ չեն, եւ, հաշվի առնելով, որ մեր երկրում ակցիային հարկի գծով բեռը մեր երկրում էականորեն ավելի ցածր է, քան համադրելի երկրներում, որոշում կայացվեց հարկային եկամուտների կորստի մի մասը փոխհատուցել ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հաշվին»,-բացատրեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ եթե հանրահաշվորեն նայենք փոփոխություններին՝ ակցիզային հարկի բարձրացումը հնարավորություն չի տալիս ապահովել եկամուտների ամբողջությամբ փոխհատուցում, եւ ընդհանուր բացասական ազդեցությունը կազմում է տարեկան կտրվածքով շուրջ 16 մլրդ դրամ, որը, սակայն, ակնկալվում է ապահովել լրացուցիչ վարչարարական ջանքի կամ վարչարարական գործողությունների արդյունավետության բարձրացման հաշվին՝ մեր երկրում ապահովելու կայուն հարկաբյուջետային միջավայր։