ԱՄՆ հարցերը Հայաստանին. ի՞նչ է սկսվում

- in Վերլուծական

Հայաստանի կառավարությունը տեղեկություն է տարածել ԱՄՆ-ում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հանդիպման մասին:

Մհեր Գրիգորյանը խոսել է  Հայաստանում ներառական, լան մասնակցային տնտեսության ուղղությամբ թե Հայաստանի հանրության, թե սփյուռքի ներուժն իրացնելու հնարավորության մեծանալու մասին: Հանդիպմանը խոսվել է ԱՄՆ Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման եւ գործակցության հեռանկարի մասին:

Որո՞նք են հանդիպման մանրամասները, մասնավորապես ամերիկյան այդ կորպորացիայի հետ գործակցությունն առարկայացնելու ուղղությամբ, հաղորդագրության մեջ չի նշվում: Միեւնույն ժամանակ նկատելի է, որ Հայաստանն ու ԱՄՆ կարծես թե գտնվում են հենց այդ հեռանկարներն առարկայացնելու, դրանք հասկանալու կամ ճշգրտելու փուլում, ընդ որում թե տնտեսական, թե քաղաքական տեսանկյունից:

Բանն այստեղ անշուշտ միայն թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը հասկանալը չէ: Այդ իմաստով ԱՄՆ համար հարցերը զգալի մասով հանված են, ինչի վկայությունն էր դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի Երեւանում արած հայտարարությունը՝ ամերիկյան սպառազինության առաջարկի մասին:

Դա գործնականում վստահելիության կայուն մակարդակի առկայության հավաստում էր, այլապես չէր բարձրաձայնվի այդ առաջարկը: Այլ կերպ ասած, ռազմավարական մակարդակում Հայաստանի նոր իրավիճակի գնահատումն ԱՄՆ իրականացրել է, ներկայում կողմերը հեռանկարի մարտավարական գնահատման փուլում են, եւ Նահանգները փորձում է հասկանալ այդ հարթությունում առկա վիճակը:

Հատկանշական է, որ, գրեթե միաժամանակ Հայաստանի մի փոխվարչապետը Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի ղեկավարին, իսկ մյուս փոխվարչապետը Երեւանում ընդունում է ԱՄՆ դեսպանին, որի հետ քննարկվել էին երկկողմ առեւտրատնտեսական կապերը խորացնելու հարցեր:

Այն, որ ԱՄՆ-ն հարցեր է ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հետագա գործակցության մասշտաբներն ու նաեւ տնտեսական ծրագրերի քաղաքական խորությունը որոշելու համար, ակնառու է: Իսկ Ի՞նչ հարցեր է տալիս ԱՄՆ-ն Հայաստանին: Ավանդական շրջանակը հստակ է եւ այդ առումով կարծես թե շոշափելի է նաեւ Հայաստանի կառավարության պատասխանը: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության մասին է: Մյուս կողմից, սակայն, հնարավոր է, որ Վաշինգտոնն այդ իմաստով ակնկալում է երաշխիքներ ոչ միայն քաղաքական կամքի, այլեւ ինստիտուցիոնալ առավել որոշիչ եւ կոնկրետ քայլերի, կամ դրանց շուրջ կոնկրետ քննարկումների տեսքով:

Մի նոր հարց ամերիկացիները տալիս են տեւական ժամանակ եւ բավական բաց՝ Լիդիանի հարցը: Իսկ ա՞յլ հարցեր, եւ ինչպիսի՞ն է նշանակալիության հարաբերակցությունն ինքնին:

Միաժամանակ, Հայաստանն ու ԱՄՆ-ն դեռեւս 2015-ի մայիսին ստորագրեցին առեւտրի եւ ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր՝ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում: Ընդ որում այցը նշանակալի էր նրանով, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով էր, իսկ այդ առիթով Վաշինգտոնի տաճարում տեղի ունեցած հիշատակի հանդիսավոր արարողությանն էլ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Բարակ Օբամայի վարչակազմի «բազեները»՝ փոխնախագահ Բայդենն ու ՄԱԿ-ում ԱՄՆ այդ ժամանակ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, որն, ի դեպ, այժմ Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ է:

Գործնականում, այդ նշանային հանգամանքները հուշում են, որ Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունը Վաշինգտոնը դիտարկում է ռազմա-քաղաքական լայն համատեքստում, ինչի վկայությունն է նաեւ այն, որ թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակի ռազմավարական գնահատումը տեղի ունեցավ արդեն նախագահ Թրամփի վարչակազմի «գլխավոր բազեի»՝ Ջոն Բոլթոնի մակարդակով:

Միեւնույն ժամանակ, ակնառու է, որ թե նախկինում էր մարտավարական ընթացքը անհամարժեք ռազմավարական գնահատումների բովանդակությանն ու ներուժին, թե այժմ Վաշինգտոնն ունի Երեւանին հարցեր, որոնք դեռեւս քննարկման փուլում են, թեեւ դրանք ներկայում անկասկած ունեն համարժեք պատասխանի հիմնավորապես ավելի մեծ հնարավորություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...