Անբարոյականի տղերքը, Ծառուկյանի անունն ու կռիվը, ինչ- որ բիծ քաշելով, ես ձեզ ասել եմ, ես իմ ժողովրդի ցավը տանեմ

- in Հրապարակ
Gagik Tsarukyan

«Ծառուկյանն ինչ կապ ունի Մարտի մեկի հետ, որ քննեն, ծառայո՞ղ ա, զինվո՞ր ա, պատասխանատո՞ւ ա”,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե Մարտի մեկի գործով իրեն հարցաքննե՞լ են:

Ծառուկյանն ասաց. «Անբարոյականի տղերքը, Ծառուկյանի անունը, ինչ-որ բիծ քաշելով, ես ձեզ ասել եմ, ես իմ ժողովրդի ցավը տանեմ»: Նա նշեց, որ չի կարող ինքը կապ ունենալ Մարտի մեկի իրադարձությունների հետ: «Էս երկրում լավ բա չի կարելի անել, որովհետև նախանձն ու չկամությունը շատ ա: Մարդը պետք ա կամեցող լինի, բարի լինի, մարդուն չի կարելի հիասթափեցնել: Ծառուկյանը ուզում ա մի բան փոխի, սիրում ա իր հայրենիքը»,- ասաց նա:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն ասաց, որ որևէ մեկին չի վիրավորում, բայց այսօր պետք է քննարկվի իրականությունը, որպեսզի հանրությունը լսի: Նա անդրադարձավ նաև իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպմանը: «Շատ ջերմ քննարկել ենք հիմնական ներդրումների և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը: Ես ձեզ մի բան ասեմ՝ ի՞նչ եք դուք պատկերացնում, երկրի վարչապետը կողմ ա, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավ լինի: Դե իրան ով ինչ ներկայացնում ա, ասում ա, հիմնական խնդիրը, որ էսօր ես հարց կասեմ, եթե մեկը դրան մասնագիտորեն կարող է առարկի, ասի, ես ասեմ՝ դուք ճիշտ եք:

Հիմնական խնդիրը պետք է ճիշտ ներկայացվի, չկա իմն ու քոնը: Հարցը ասել ենք, հարցի պատասխանը տվեք, ձեր ցավը տանենք: Կտաք, կասնեք՝ շնորհակալություն, դուք ճիշտ եք, մենք սխալ: Էսօր ժողովուրդը սպասելիք ունի նոր իշխանությունից, մեզ բոլորից, նա սիրում ա բոլորին, համբերատար սպասում ա՝ լավ ա լինելու: Մենք էլ գիտենք, որ լավ լինելու, բայց էս մթնոլորտում՝ մեկը մեկին վիրավորելով, խի՞ եք վիրավորում, ձեր ցավը տանեմ: Մենք երբեք մեզ թույլ չենք տվել որևէ մեկին վիրավորել»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե վարչապետի համար իր պարզաբանումները ընդունելի՞ էին, Ծառուկյանը պատասխանեց, որ երկրի վարչապետը ցանկացած հարցով պատրաստ է աջակցել նրան, ով լավ առաջարկ կանի, որպեզի երկիրը զարգանա: «Վարչապետն ասել ա՝ քննարկեք, որը ճիշտ ա, որ տեղական արտադրանքի վիճակն էլ լավ ըլնի, ժողովրդն էլ աշխատի»,- հավելեց նա:

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում պատմել է, որ Արարատ ցեմենտ գործարանի ղեկավար Սեդրակ Առուստամյանին հարց է տվել, թե նախկինում որքան ցեմենտ են վաճառել ստվերում: Առուստամյանն ասել է, որ ստվերային վաճառքի չի եղել:

«Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ մինչև մեր իշխանության գալը, օրինակ, 2016 թ. սպառվել է 389 հազար տոննա ցեմենտ, իսկ մեր իշխանության գալուց հետո Հայաստանում սպառվել է 728 հազար տոննա», – ասել է Հայկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ շինարարության աճը կազմել է ընդամենը 4.5%:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, Արարատ ցեմենտ ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ելույթի ժամանակ պատասխանել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին: Վերջինս Ծառուկյանին հիշեցրել էր, որ 2002 թվականին Արարատ ցեմենտը գնել է ընդամենը 200 հազար դոլարով: Ծառուկյանը պատասխանեց, որ եթե Հայկ Գևորգյանն ապացուցի, որ գորածարանը գնել է 200 հազար դոլարով, ապա գործարանը նվեր կտա նրան: Հակառակ դեպքում Գևորգյանը, Ծառուկյանի խոսքով, պետք է պատասխան տա:

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ Արարատ ցեմենտին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին մեղադրանքներին:

«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով ինչպես 17 տարի առաջ 200 հազար դոլարով ձեռք բերեց Արարատ ցեմենտ գործարանը, այն դեպքում երբ կային 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:

Ժանրի կանոններով պետք է ներկայացնեի Արարատ ցեմենտի վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թվականին վճարել է 800 միլիոն դրամ հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 միլիարդ դրամ: Հիմա ժանրի կանոների պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվեր էր դա, թե ոչ:

Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ Արարատ ցեմենտի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26 հազար դրամով, Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60 հազար դրամով: Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև մրցակցություն կա: Այնտեղ վաճառվում է կրկնակի էժան ու ժանրի կաոններով պետք է հարցնեի, թե իրականում ով է ժողովրդի թշնամին», – ասել է Հայկ Գևորգյանը:

«Վրաստանն էր ցեմենտ ներմուծում Հայաստան, մենք էլ ցույց ենք տվել, որ նայեք՝ մենք էլ ձեր շուկան կփչացնենք, մինուս ենք գնացել: Դա բիզնեսի աշխատանք ա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Վրաստան էժան ցեմենտ արտահանելու հարցին:

Նա անդրադարձավ հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյային դժգոհե՞լ է, որ իր օբյեկտներում ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ է իրակնացնում: «Բայց ինչի՞ համարն պետք ա ասեի: Ուզում են լավամարդ լինեն, ցույց տան վարչապետին, հասկանալի ա, բայց վատությունն իրենք իրենց են անում: Առաջին հերթին էդ ստուգողը պետք ա իրան ստուգի, և էդ ստուգման կետերն էլ մենք կասենք, ում պետք է ստուգեն, խի չեն ստուգել և որտեղ պետք ա ստուգվեն: Ես համբերում եմ, նորից եմ ասում՝ թող ստուգեն, հետո իմ վերջնական խոսքը կասեմ»,- նշեց Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարը նաև ասաց, որ իրեն նախորդ իշխանությունների օրոք էլ են ստուգել, ոչինչ չեն գտել: Ասաց, որ իր մոտ ստվեր չկա, նախորդ տարի շատ են աշխատել, դրա համար էլ շատ հարկեր են վճարել: «Կարեն Կարապետյանն ընկե՞լ էր Ծառուկյանի հետևից, օբյեկտներս 50 հոգով մտնո՞ւմ էին, մեքենաները կանգնացնում էին, դաժե թղթերին չէին հավատում, մեքենաները կշեռքին էին կանգնացնում: Նորից եմ ասում՝ էսօր Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն, քամին քարից ոչ մի բան չի կարա տանի: Ծառուկյանը կայացած սեփականատեր ա ոչ թե մի բիզնեսի, այլ 47 հատի: Ոնց որ սաղ նախանձում, տրաքվում են, նախանձողները գիշերը չեն կարողանալու քնեն, այդպես էլ մնալու են նախանձ, չկայացած»,- հավելեց նա:

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի մասին աղմուկ հանած օրինագիծը, որին դեմ քվեարկեցին Լուսավոր Հայաստան եւ ԲՀԿ խմբակցությունները: ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, որովհետեւ ցեմենտի գործարանի սեփականատեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պահանջում է նաեւ ցեմենտի հումքի ներկրման մաքսատուրքի բարձրացում, իսկ Լուսավոր Հայաստանն էլ դեմ քվեարկեց, որովհետեւ օրենքը ենթադրում է տեղական արտադրողի, այսինքն այդ թվում ԲՀԿ նախագահի գործարանի համար ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացում:

Հարցը սակայն հանգուցալուծված չէ, քանի որ Իմ քայլը խմբակցության պատգամավորները նշում են, թե ցեմենտի ներկրման մաքսատուրքի բարձրացումը ժամանակավոր քայլ է, մինչ հասկանան, թե ինչպիսի քայլեր են պետք տեղական արտադրության մրցունակության հիմնարար լուծումների համար: Ընդ որում, դա ենթադրում է նաեւ հետագա քննարկում, թե արդյոք կարիք կա հարկել նաեւ կլինկերը՝ ցեմենտի հումքը:

Ակնառու է, որ զուտ տնտեսական հարցը, առանձնահատուկ քաղաքական երանգ է ստանում այն պատճառով, որ Հայաստանում խոշոր ցեմենտ արտադրող է խորհրդարանի երկրորդ ուժի խմբակցության ղեկավարը՝ Ծառուկյանը: Շահերի բախման այդ հարցը բարձրաձայնեց Էդմոն Մարուքյանը, Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդը, որի ուժը խորհրդարանում երրորդն է, բայց որը վստահ է, որ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս լինելու դեպքում Լուսավոր Հայաստանն էր լինելու երկրորդը:

Այդ կապակցությամբ, այլ առիթներով, եղել են ԼՀԿ եւ ԲՀԿ հետաքրքիր երկխոսություններ:

Միաժամանակ, Լուսավոր Հայաստանն ակնարկում է, որ ցեմենտի պատմությունն էլ Իմ քայլը-ԲՀԿ յուրօրինակ «երկխոսություն» է: Բառի բուն իմաստով երկխոսություն տեղի ունեցավ իհարկե հենց նախօրեին, երբ կառավարություն էր այցելել Գագիկ Ծառուկյանն ու մոտ 30 րոպե զրուցել վարչապետի հետ: Վարչապետի խոսնակը հետո հայտարարեց, թե եղել է բարեկամական զրույց, որի ընթացքում քննարկվել են թե ցեմենտի, թե ներդրումային այլ հարցեր, թե նաեւ խորհրդարան-կառավարություն հարաբերության շուրջ քննարկումներ:

Այդ ֆոնին, խորհրդարանում այսօր շարունակվող քննարկումն ուշագրավ էր, մասնավորապես դրանում ԲՀԿ պահվածքը: Ելույթի համար ցուցակագրվել էր գրեթե ամբողջ խմբակցությունը եւ հնչել են Իմ քայլի հանդեպ բավական ագրեսիվ ելույթներ: Միեւնույն ժամանակ, ուշագրավ էր առաջնորդի պահվածքը, որը թե լրագրողների հետ հանդիպմանը, թե խորհրդարանի իր ելույթում, մի կողմից քննադատելով մեծամասնության դիրքորոշումը, մյուս կողմից պարբերաբար առանձնացնում է վարչապետին ու նշում, որ Փաշինյանը ուզում է, որ լավ լինի ժողովրդի համար: Ծառուկյանը հայտարարեց՝ լրագրողների հետ զրույցում, որ վարչապետը իր հետ հանդիպմանն ասել է, որ թող լինի այնպես, ինչը որ լավ է ժողովրդի համար:

Գնա ու կռվիր, ըստ երեւույթին Ծառուկյանին ասել է վարչապետը, որովհետեւ ԲՀԿ պատգամավորները հայտարարում էին, որ դա այն հարցն է, որի համար կռիվ են տալու մինչեւ վերջ: Բանը սակայն այն է, թե ու՞մ դեմ է այդ կռիվը: Ակնառու է, որ ԲՀԿ կռիվը վարչապետի դեմ չէ, եւ թերեւս լինել չի կարող: Գագիկ Ծառուկյանն այլեւս ուղիղ դուրս չի գա որեւէ առաջին դեմքի դեմ, անկախ նրանից, թե ով է այդ դեմքը: Նա 2015 թվականի փետրվարին հիանալի պատկերացրեց, որ ԲՀԿ-ն այդ ուժը չէ, այն պարզ պատճառով, որ որեւէ իրավիճակում Ծառուկյանին թույլ չի տրվելու լինել ԲՀԿ առաջին դեմքից բացի այլ, այն էլ պետության առաջին դեմք:

Ու՞մ դեմ է կռիվ տալու Ծառուկյանը: Լուսավոր Հայաստանի՞, թե՞ օրինակ Ռոբերտ Քոչարյանի, որը ԲՀԿ դե ֆակտո հիմնադիրն է: Անկասկած է, որ երկրորդ նախագահը «իրավունքներ» ունի ԲՀԿ հանդեպ: Արդյոք նա Ծառուկյանի նկատմամբ ունի դրանց հետ կապված պահանջներ, այս կամ այն վարքագծի տեսքով: Եվ արդյոք ԲՀԿ նախագահը հենց այդ հարցի համար չէր, որ այցելել էր կառավարություն, Նիկոլ Փաշինյանի աջակցությունը ստանալու համար: Մյուս կողմից, ԲՀԿ հանդեպ երկրորդ նախագահի «իրավունքները» քաղաքական ասպեկտ են, որը Ծառուկյանը կարող է դիտարկել Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերության խաղաքարտ:

Բայց, թերեւս այդ հանգամանքից ելնելով է նաեւ, որ կառավարությունում Ծառուկյանին փաստացի ասվել է՝ գնա ու կռվիր, կամ դու կհաղթես Քոչարյանին քո ուժերով, կամ հարկ կլինի դուրս գալ քաղաքականությունից՝ նրա հետ դարձյալ չպարտվելու համար:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին մղում է բաց խաղի, նրա հետեւում որեւէ մեկի թաքնվելու հնարավորությունը կամ բացառելու, կամ նվազագույնի հասցնելու համար: Ընդ որում, դա բխում է անձամբ Գագիկ Ծառուկյանի շահից, որովհետեւ նա կսխալվի, եթե իրավիճակը չափի լոկ ցեմենտի արտադրության շահերի տիրույթում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...