Անգլիացի բլյուզ երգիչը 8 ամսում 16 երկրում 120 համերգ է ունեցել. 17-րդ երկիրը Հայաստանն է – Լուսանկարներ

- in Մշակույթ

Բրիտանացի երիտասարդ բլյուզ երաժիշտ Բեն Փուլը 2-րդ անգամ Հայաստանում է՝ կրկին ելույթ ունենալու նպատակով:

Նա պատմեց, որ իրականում այս շրջանում նախատեսում էր արձակուրդ վերցնել, ընկերն առաջարկել է գալ Հայաստան: Համատեղության կարգով նաեւ շոուներ կունենա, որոնք նաեւ աուտիզմի տեղեկատվական մեկամսյակի միջոցառումների շրջանակներում են:

«Անցած շաբաթ համերգներ եմ ունեցել Ռուսաստանում՝ Մոսկվայում ու Եկատերինբուրգում: Ընկերս՝ Վահանը, որն ինձ այստեղ էր բերել նաև 2015 թ-ին, առաջարկեց էլի գալ: Շոուներ եմ ունենալու այստեղ, ինչի համար շատ ոգեւորված եմ, քանի որ անցած անգամ հիանալի ժամանակ եմ անցկացրել այստեղ: Այս անգամ եկել եմ ավելի շատ իմ, այսպես ասած, արձակուրդի համար, բայց նաեւ նվագելու եմ: Նաեւ այստեղ եմ աուտիզմի տեղեկատվական մեկամսյակի շրջանակներում»,- ասաց նա:

Բացի համերգներից՝ երգիչը հանդիպում ունի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաների հետ: Նրանց հետ կիսվելու է իր փորձով: Ինչ վերաբերում է քաղաքը ճանաչելուն, ապա ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ դեռ շատ բան տեսնել չի հասցրել: Ասաց, որ ժամանել է 2 օր առաջ ու ՀՀ-ում մնալու է մինչեւ ուրբաթ՝ ապրիլի 19, հարցրեց՝ ուր կարող է գնալ ու պատմեց, որ Վերնիսաժն է տեսել. Անցնելիս է եղել ու որոշել է գնում կատարել:

«Վերնիսաժ՝ ինձ համար շատ բարդ բառ է, դժվարանում եմ հիշել (ծիծաղում է): Թեւնոց ունեմ այնտեղից, նվեր է ընկերոջիցս: Դեռ այլ բան չեմ տեսել: Համեղ հայկական ուտելիք եմ կերել: Շատ եմ հավանել: Անգլիացու համար նոր է, տարբերող, սիրում եմ տարբեր խոհանոցների ուտեստներ փորձել, համեմունքներ կան, ինչը սիրում եմ, նաեւ միսը…»,- պատմեց նա:

Երեւանում շատ վայրերում չի եղել, սակայն քաղաքի մասին պատմական տվյալների տիրապետում է: Նաեւ լսել է նաեւ Արարատ լեռան մասին: Շնորհակալություն է հայտնում ջերմության համար ու ընդգծում, որ փորձելու է հնարավորինս շատ բացահայտումներ անել իր համար:

«Հիանալի է նորից այստեղ լինելը: Լսել եմ, որ Երեւանը մոլորակի ամենահին քաղաքներից է: Նաեւ գիտեմ Արարատ լեռան մասին, որի վրա իջել է Նոյան տապանը: Կփորձեմ տեսնել քաղաքի տեսարժան վայրերը, նոր բաներ բացահայտել: Շնորհակալ եմ բոլորին ջերմ ընդունելության համար»,- ասաց նա:

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխությունների մասին Բեն Փուլը նույնպես գիտի: Չի ցանկանում մեկնաբանել, քանի որ այլ երկրից է, սակայն հասցրել է տպավորություն ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ մարդկանց վերաբերմունի մասին: Կարծիք է կազմել, որ նրանք գոհ են:

«Լսել եմ մեծ փոփոխությունների մասին, որոնց միջոց երկիրն անցել է, ինչը ինչպես երեւում է, ինչպես կարող եմ դատել մարդկանց խոսակցություններից, լավ է»,- ասաց նա:

Հայաստանից հետո երգիչը փորձելու է իսկապես հանգստանալ: Խոստովանում է, ոչ դրա կարիքը շատ ունի, քանի որ վերջին ամիսներին շատ զբաղված է եղել: Արձակուրդից հետո էլ գրաֆիկը հագեցած է լինելու: Շարունակելու է շրջագայությունները Եվրոպայում: Առաջիկայում լինելու է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Բելգիայում:

«Դա հիանալի է, քանի որ հանգստանալու կարիք ունեմ. վերջին շրջանում շատ զբաղված եմ եղել: 1 շաբաթ-10 օր ունեմ, հետո մեկնելու եմ Ֆրանսիա ու շարուենակելու եմ շրջագայությունս Մեծ Բրիտանիայում ու Բելգիայում: Ամառը նույնպես շատ հագեցած է լինելու: Վերջին 8 ամիսների ընթացքում շատ զբաղված եմ եղել, անընդհատ՝ մինչեւ հիմա, շրջագայությունների մեջ եմ եղել: Անցած սեպտեմբերից սկսած սա 17-երկիրն է, որտեղ լինում եմ՝ մոտ 120 շոու եմ ունեցել»,- ասաց նա:

Բեն փուլը 2 համերգ է նախատեսում Երեւանում: Այսօր՝ ապրիլի 17-ին, նա ներկայանալու է The Venue-ում, իսկ վաղը KAMI Club-ում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...