Ապե, հլը դուրս արի. Երևանի ավագանու ԲՀԿ անդամը դուրս հրավիրեց «Իմ քայլ»-ի գործընկերոջը

- in Պնակալեզներ

Երեւանի ավագանու նիստում կրքերը պարբերաբար թեժանում են, երբ ավագանու անդամները անդրադառնում են սոցիակալան հարթակներում միմյանց հասցեին հրապարակվող վիրավորանքներին կամ աղբահանության ու նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու խնդրին:

«Հլը դուրս արի, ապե»,- ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին: Վերջինս, սակայն, դուրս չեկավ: Պատասխանելով լրագրողների հարցին, ԲՀԿ անդամը պարզաբանեց, թե գործընկերն իրեն երկար էր նայել, դրա համար էլ դուրս էր կանչում: Պնդեց, թե հաշվեհրադար տեսնելու նպատակ չի ունեցել, ուղղակի երկար նայելուց զայրացել է ու ցանկացել է հասկանալ, թե ինչու է այդպես նայում: «Ընկերական զրույցի»,- հրավերի պատճառը եւս մեկ անգամ ընդգծեց Արմեն Ներսիսյանը:

Ի դեպ, այդ միջադեպից րոպեներ առաջ ԲԿՀ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը ավագանու նիստում խոսում էր ֆեյսբուքյան հարթակում զուսպ լինելու կարեւորության մասին:

«Ամեն ինչը գալիս է նրանից, որ բոլորս մտահոգված են, որպեսզի այն նախընտրական խոստումները, որ տրված են եղել, շատ երեւանցին արագ զգա, որ երկրում փոփոխություններ կան: Մի փոքր միգուցե էմոցիոնալ, մի փոքր միգուցե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, էականը դա չէ, էականը այն է, որ այն, ինչ-որ ասվել է երեւանցուն, պետք է հետամուտ լինենք, որ կատարվի»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նույնպես ժամանել էր Երեւանի քաղաքապետարան՝ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ միասին: «Հետամուտ ենք լինելու, որ ռեալ քաղաքը ցույց տա, որ կարող է աղբահանության խնդիրը լուծել»,- իրենց ներկայության նպատակը բացատրեց պատգամավորը: