Առայժմ նոր տնօրեն չի նշանակվի. վարչապետի և թատերական գործիչների հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում թատերական գործիչները: Նրանց բողոքն ուղղված է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Օրբելյանը տնօրենի պաշտոնից ազատվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով: Մշակույթի նախարարությունից պարզաբանել են, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ նույն անձը չի կարող միաժամանակ զբաղեցնել թե տնօրենի, թե գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Այս պահին թատերական գործիչների խումբը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է թատերական գործիչների խմբին, որոնք այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու դեմ:

Հանդիպումից հետո օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը նշել է, որ հանդիպումից բավարարված են: Փաշինյանը նշել է, որ առայժմ նոր մարդ չի նշանակվի այդ պաշտոնում և պարտականությունները կկատարի փոխտնօրենը:

Կառավարությունը ներկայացնելու է օրենսդրական հիմքերը, որոնցով կայացվել է Օրբելյանին ազատելու որոշումը, իսկ իրենք, Արզումանյանի խոսքով, ներկայացնելու են իրենց հակափաստարկները:

«Այս պահին հանդիպումից գոհ ենք: Եկանք համաձայնության, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Երաշխավորվեց, որ որևէ մեկը չի գա դրսից մեզ տնօրեն: Մեր էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն նախարարության որոշման հիմնավորումները, մենք էլ գրավոր պետք է ներկայացնենք մեր հակափաստարկները: Խոսվեց այն մասին, որ եթե պարզվի, որ նախարարության որոշման վերաբերյալ կետերից թեկուզ մեկը կեղծ է, ապա դրա պատասխանատուն անմիջապես կազատվի աշխատանքից: Մի կարևոր հարց էլ ասեմ, քննարկվեց այն, որ եթե կան օրենքի թերացումներ, ապա պետք է քննարկումներ անցկացվեն և շտկեն: Կարող ենք ասել, որ մեր խնդրին այս փուլում ականջալուր եղան: Ի դեպ, ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 4-ին, թեպետ ունի պայմանավորվածություն, ամեն դեպքում կփորձի գալ և դիտել «Կախարդական սրինգը»: Սիրով կսպասենք», ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Տեղեկացնենք, որ Օրբելյանը համատեղում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: