Առերեսվեք ձեր գերանների հետ, դա ձեզ կօգնի առաջ գնալ

- in Կարծիք

Երեկ խորհրդարանում շատ բուռն եւ ամենայն մանրամասնությամբ քննարկվեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի փաթեթը։ Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը, որը նաեւ նախագծի փաթեթի հարակից զեկուցողն է։

Հովակիմյանն այսօր անդրադարձավ քննարկման ժամանակ հնչած մի քանի դիտարկումների, մասնավորապես իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, որ «Իմ քայլը» պատրաստ է քննարկել այնպիսի տարբերակ, որ հնարավոր լինի ուժային կառույցների ղեկավարներին հարց ու պատասխանի հրավիրել ԱԺ․

«Բայց Մակունցի այս առաջարկից հետո մեր գործընկերները հայտարարեցին, որ դա Սահմանադրությամբ է կարգավորվում, որ հնարավոր չէ եւ այլն։ Այո՛, դա կարգավորվում է Սահմանդրության 112-րդ հոդվածով, որը նույն Սահմանադրության 202-րդ հոդվածի կարգավորումներով ենթակա է փոփոխման՝ Ազգային ժողովի երկու երրորդով։ Այլ կերպ ասած՝ այդ խնդրի կարգավորումը լիարժեք ԱԺ-ի տիրույթում է։ Եւ եթե խնդիրն այն է, որ ԱԱԾ պետը եւ ոստիկանապետը մասնակցեն հարց ու պատասխանին, այս խնդիրը շատ հեշտ լուծելի է, պետք չէ մեծ, անլուծելի խնդիր դարձնել դա»,-ասաց Վահագն Հովակիմյանը։

Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգը Սերժ Սարգսյանի հագով կարելուն եւ Սարգսյանի այդ կոստյումի վերաբերյալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթներին՝ «Իմ քայլ»-ի պատգամավորն արձագանքեց․

«Ես իհարկե հավատում եմ, որ պարոն Մարուքյանը ոչ միայն կոճակների, այլեւ մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը, եւ կրելու ենք մեր կոստյումը։ Ոչ ցանկություն ենք ունեցել որեւէ մեկի կոստյումը կրել, ոչ էլ դա մեզ համար տեսլական է եղել՝ ուրիշների կոստյումները մեր հագով ձեւելը, առավել եւս՝ դրա մանրամասնություններին ծանոթանալը»,-ընդգծեց պատգամավորը։

Վահագն Հովակիմյանը խոսեց նաեւ որոշ պատգամավորների արտահայտած այն մտքերի մասին, որոնցում նրանք կասկածի տակ են դնում կառավարության ավելի երտասարդ պաշտոնյաների կոմպետենտությունը․

«Զավեշտ է, երբ փորձ է արվում կառավարության նոր սերնդի պաշտոնյաների կոմպետենտությունը կասկածի տակ առնել, փորձել պիտակավորել։ Պետք է հիշողություն ունենալ եւ հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին։ Դիմացինին ոչ կոմպետենտության մեջ մեղադրելու համար գոնե պետք է այդ հիշողությունն ունենալ, հիշել, որ սեփական խմբակցության հրապարակային միտք արտահայտող, ելույթ ունեցող կազմը ԱԺ մի քանի գումարումներում միշտ նույն հինգ-վեց պատգամավորներն են»,-ասաց Հովակիմյանը՝ իր միտքը եզրափակելով մի ասույթով․

«Դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել։ Առերեսվեք ձեր գերանների հետ, դա ձեզ կօգնի առաջ գնալ»։

Ամենակարեւորը դատարկ-դատարկ խոսալը չի, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների։ Այս մասին այսօր ԱԺ-ում լարգրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթին։

Հովակիմյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց որոշ պատգամավորների արտահայտած այն մտքերի մասին, որոնցում նրանք կասկածի տակ են դնում կառավարության ավելի երտասարդ պաշտոնյաների կոմպետենտությունը․

«Պետք է հիշողություն ունենալ եւ հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին։ Դիմացինին ոչ կոմպետենտության մեջ մեղադրելու համար գոնե պետք է այդ հիշողությունն ունենալ, հիշել, որ սեփական խմբակցության հրապարակային միտք արտահայտող, ելույթ ունեցող կազմը ԱԺ մի քանի գումարումներում միշտ նույն հինգ-վեց պատգամավորներն են»։

Այս առնչությամբ Ծառուկյանն ասաց, որ ճշտումներ է արել Վահագն Հովակիմյանի մասին.

«Մարդուն, որ իրական կյանքում ոչ մի բան չի արել, տասը տարի «Հայկական ժամանակում» աշխատել է՝ որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդը իրավունք ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու: Նա համեմատական կարգով պետք է նայի՝ ում մասին է խոսում ու նայի՝ իրական կյանքում Ծառուկյանն ինչ է արել: Պիտի հասկանա ինչ է ասում, եթե չեն ուզում ավելի խորը շարունակել: Ասենք դատարկ-դատարկ խոսալը… ժողովուրդը դրանով չի բավարարվում, պետք է գործ կատարել, ոչ թե դատարկ խոսալ։ Ցանկացած պատգամավոր իմ աշխատաոճի գոնե 3 տոկոսը արած լիներ, էսօր մեր երկիրը կծաղկեր, կզարգանար, մեր ժողովրդի սրտով կլիներ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ իր հերթին «Factor»-ի հետ զրույցում ասել է, թե Վահագն Հովակիմյանը հորդորեց թարմացնել ԲՀԿ-ի պատգամավորների հիշողությունը, բայց կարծես պարոն Հովակիմյանի մոտ է հիշողության կորուստ դրսեւորվում․

«Որովհետեւ նա բազմաթիվ անգամներ «Հայկական ժամանակ»-ից հեռացվելուց հետո շատ ինտենսիվորեն աշխատանք էր խնդրում Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում: Նա մեծ ձգտում ուներ աշխատել «Կենտրոն» հեռուստաընկերությունում»,- ասել է Տոնոյանը։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավորների արտահայտած այս մտքերին՝ իր կենսագրությունից մանրամասներ ներկայացնելով․

«Քանի որ, հայտնի պատճառներով կենսագրականս հետաքրքրություն է առաջացրել եւս մեկ անգամ այն ներկայացնեմ։

Այսպես, ՀԺ-ում աշխատել եմ 15 տարի (ոչ թե 10)։
Երբեւէ աշխատանքից չեմ հեռացվել: Երկու անգամ անձնական հանգամանքներով պայմանավորված լրագրողական գործունեությունս ՀԺ-ում դադարեցրել եմ 2005-ի նոյեմբերից 2006-ի հունվար եւ 2011-ի դեկտեմբերից 2012 փետրվար:
2012-ի նոյեմբերից 2013-ի նոյեմբերը հանդիսացել եմ ՀԺ հրատարակիչ Դարեսկիզբ ՍՊԸ-ի տնօրենը:

2014-ի հունվարից 2014-ի հոկտեմբերը Պանորամա կայքում աշխատել եմ որպես քաղաքական մեկնաբան:
2014-ի հոկտեմբերից 2016-ի նոյեմբերի 1-ը աշխատել եմ Ժողովուրդ օրաթերում, որպես գլխավոր խմբագրի տեղակալ:
2017 թվականի մայիսից 2019-ի հունվարի 14-ը եղել եմ ԵԼՔ խմբակցության փորձագետը:

Մի դիտարկում եւս՝ ոչ մեկից աշխատանք չեմ խնդրել: Իսկ ճշմարտությունն այն է, որ 2015 թվական ամռանը հեղինակային հեռուստահաղորդման ծրագիր եմ ունեցել, այն կյանքի կոչելու նպատակով բանակցել եմ մի քանի հեռուստաընկերությունների պատասխանատուների հետ, որոնց թվում հանդիպել եմ նաեւ Իվետա Տոնոյանի հետ՝ Կենտրոն հ/ը-ում իմ ծրագիրն իրագործելու հնարավորությունը քննարկելու նպատակով: Կենսագրությանս առնվազն վերջին 21 տարին հրապարակային դաշտում է եղել:

Հ.Գ. «Հասարակ» լրագրող աշխատելուս 14 տարիները համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջանը»,-մասնավորապես գրել է Վահագն Հովակիմյանը: