«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի գործի շրջանակում օրեր առաջ հարցաքննվել է նրա բարեկամներից մեկը:

Հարցաքննության ընթացքում վկան պարզել է, որ «թանկարժեք» բուժում է ստացել, այնինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նա ընդամենը մեկ անգամ է եղել՝ ընդհանուր հետազոտում անցնելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ քրեական գործով մի քանի տասնյակ անձինք են հարցաքննվել:

Գործով այս ընթացքում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, նրանցից շատերը հիվանդության պատմության մեջ ներառված անձինք են: Այս գործով հարցաքննվել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը՝ Սյուզաննա Արշակյանը: Էդգար Առաքելյանը պատմել է, որ կինը 4 տարի առաջ դիմել է այս հիվանդանոց՝ որպես մանկավարժ սոցիալական փաթեթի շրջանակում հետազոտություններ անցնելու։

Այցելելով Քննչական կոմիտե, սակայն, նրա կինը տեղեկացել է, որ 4 առաջ տարի վիրահատվել է, 8 օր պառկել հիվանդանոցում՝ ստանալով թանկարժեք բուժում։

Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել խոշոր չափերով խարդախության եւ մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ իրավապահների՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը հափշտակել է բյուջեից պետական պատվերի շրջանակում հատկացված ավելի քան 420 միլիոն դրամ:

Նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը դատարանի որոշմամբ վերացվել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...