Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։

Ըստ ՊՆ հաղորդագրության, նա շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։

Արծվաշենը ռուս-ադրբեջանական ուժերը գրավեցին 1992-ի օգոստոսի 8-ին: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հյուսիսային Արցախի ու Շահումյանի հայկական բնակչությանը տեղահանելուց հետո, Մոսկվան կրկին օգնության էր շտապել Ադրբեջանին, որը միայնակ չէր կարողանում պատերազմել:

Տեր-Պետրոսյանը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի (ներկայում՝ ՀԱՊԿ) ղեկավարներին՝ միջամտելու համար, քանի որ Արծվաշենը Հայաստանի տարածքն էր, թեկուզ անկլավային վիճակում: Օգնություն բնականաբար չեղավ եւ չէր էլ կարող լինել:

ՄԱԿ-ում Հայաստանի այն ժամանակվա ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը դիմել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով. «Ռուսական զորքերի օգնությամբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում ԼՂ-ի նկատմամբ, Մարտակերտի շրջանի զգալի մասը գրավված էր: Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում էինք դատապարտել ԼՂ բնակչության հանդեպ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև` ակնկալում քաղաքական գնահատական Հայաստանի շրջափակումներին»:

Միեւնույն ժամանակ, Շուշիի ու Լաչինի հաղթանակներից հետո իրադարձությունների նման կտրուկ շրջադարձը կասկածներ էր առաջացնում հանրության ու զինվորների շրջանում, մասնավորապես Հայաստանի այն ժամանակվա ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքը նույն Արծվաշենի, Շահումյանի, Մարտակերտի հարցում:

Ավելի ուշ, արդեն պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով նշել էր, որ Արծվաշենը ոչ թե կորցրել, այլ փոխանակել ենք արել Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավների հետ, որից, տարածքային իմաստով, շահած ենք դուրս եկել:

Թե ռազմա-քաղաքական առումով ինչ նշանակություն ուներ Արծվաշենը եւ ինչ նշանակություն՝ «ադրբեջանական անկլավները»՝ քննարկելու հարց է: Ի դեպ, այդտեղ հարցեր կան նաեւ խորհրդային Հայաստանի ղեկավարներին, թե ինչու էր Արծվաշենը դարձել անկլավ, երբ Հայկական ԽՍՀ ձեւավորումից հետո այդպիսին չէր, եւ ինչու էին Հայաստանի տարածքում ձեւավորվել «ադրբեջանական անկլավները»:

Նայելով քարտեզին՝ հասկանալի է դառնում Արծվաշենի ռազմավարական դիրքը եւ նշանակությունը: Այն Հյուսիսային Արցախի «բանալին» է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...