Արտակ Զեյնալյանը պարզաբանեց՝ օպտիմալացման արդյունքում որևէ ոլորտ դուրս չի մնա կառավարության պատասխանատվությունից

- in Պաշտոնական
Artak Zeynalyan

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կրճատվող նախարարությունների գործառույթներն իրականացվելու են դրանց փոխարեն ստեղծվող նոր նախարարությունների փոխնախարարների միջոցով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Երկրում իրականացվող քաղաքականության համար համապարփակ կերպով պատասխանատու է կառավարությունը: Չկա մի ոլորտ, որը դուրս մնա կառավարության պատասխանատվությունից: Չկա որևէ երկիր, որտեղ նախարարությունների ցանկն ու կառավարության կառուցվածքը կրկնի մյուսին, ամենուրեք իրականացվում է պետական կառավարում: Նաև հաջողված երկրներում չկան կրկնություններ, չկա նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև: Քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, շարունակելու է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության միջոցով, լինելու են այդ ոլորտների համար պատասխանատու տեղակալներ, ովքեր մշակելու են նախագծերը և ներկայացնելու են նախարարին ու կառավարությունը: Եվ գյուղատնտեսության, և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացվելու է այնպես, ինչպես իրականացվել էր՝  համապատասխան մեր կողմից ստանձնած պարտավորությունների»,- ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև չկա:

«Այս պահի դրությամբ մեր կառավարությունը գտնում է, որ նախարարությունների այս ցանկով ու կառուցվածքով է հնարավոր իրականացնել այն: Սա մեր քաղաքական կամքի դրսևորումն ու համոզմունքն է»,- նշեց նախարարը:

Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: