Սամվել Բաբայանը՝ Բակո Սահակյանի Մոսկվայից գալու, Մարտի 1-ին շտաբը որտեղ գործելու և Հոկտեմբերի 27-ի մասին

Samvel Babayan

Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշտումներ են գնում, թե ինչ ձեւաչափով են քաղաքականություն վարելու: Ինչ վերաբերվում է Ղարաբաղի մասնակցության հարցին, ապա միանշանակ Ադրբեջանը չի համաձայնվելու, բայց դա խնդիր է, որը որ պիտի լուծվի:

Ամեն դեպքում ես միշտ իմ դիրքորոշման մեջ ասել եմ, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, բայց այս փուլում ես չեմ պատկերացնում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Անդրադառնալով հարցին, թե Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը հումանիտար փոխգործակցության վերաբերյալ առաջընթա՞ց է, թե՝ ոչ, Բաբայանը պատասխանեց. «Կողմերը փորձում են փոխվստահություն ձեռք բերել, հարցերն ավելի պարզ քննարկման դաշտ են փորձում տեղափոխել, բացատրել կողմերի դիրքորոշումը: Ինչքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»:

Հարցին, թե հանդիպումներից հետո ռազմավարական հայտարարություններ են հնչում, արդյո՞ք սա պատերազմի սկիզբ է, Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ համենայնդեպս այս տարվա մեջ կարող է պատերազմ լինել: Իմ կարծիքով՝ այն, ինչը, որ մենք ցանկանում ենք, այդ ֆորմատով անհնար է լուծել: Բաբայանը չի եղել ժամանակ, որ ինչ-որ մեկին պաշտպանի, ուղղակի այդ ֆորմատով, այդ սկզբունքով անհնար է»:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում իրեն հիմնական մրցակից, Բաբայանն ասաց. «Առաջին հերթին ես հասարակության հետ դեռ հանդիպումներ ունեմ: Փորձում եմ ճշտել ժողովրդի դիրքորոշումը՝ ինչքան են ընդունում, ինչքանով չեն ընդունում: Դրանից հետո ստորագրահավաք է լինելու՝ պարզելու ենք այն հնարավորությունը՝ մենք մասնակցում ենք, թե՝ չէ: Այսօր խոսել հիմնական մրցակիցների մասին եւ այլ բաների մասին, ես ճիշտ չեմ համարում: 1 տարի դեռ կա, այդ 1 տարվա մեջ այնքան բան կարող է փոխվել, որ հիմնական մրցակիցները փոխվեն»:

Հարցին, թե Արցախի իշխանությունները նշում են, որ ինքն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, ինչպե՞ս է պատրաստվում այդ խնդիրը հաղթահարել, Բաբայանը պատասխանեց. «Առաջին հերթին պատրաստվում եմ օրենքով շարժվել: Երբ որ ես ՀՀ-ում մասնակցել եմ 2007 թվականին ընտրությունների, ես ՀՀ-ում 5 տարվա կացություն չեմ ունեցել, այդ դեպքում Հայաստանն էլ պետք է ինձ արգելեր։ Մենք մի երկիր ենք, եւ փորձում ենք այդ մարդկանց հասկացնել, որ օրենքը ընտրողաբար մի կիրառեք, բոլորի համար հավասար պահեք։ Արցախի այսօրվա ղեկավարը՝ Բակո Սահակյանը, եկել է 1999 թվականին՝ Մոսկվայից, 2007 թվականին ո՞նց է դարձել Արցախի նախագահ, 10 տարվա քաղաքացիություն կա՞։ Ժամանակ առ ժամանակ եկել է, գնացել, թուղթ է տարել դրա համար։ Դուք էլ գիտեք՝ ես էլ ժամանակ առ ժամանակ գնում էի Ղարաբաղ, գալիս էի»։

Բաբայանի խոսքով՝ իշխանություններն այդ ամենն անում են, որովհետեւ մտածում են, թե իր մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի եւ ինքը հաջողություն ունենա։

«Սահմանադրության կետը պետք է փոփոխության ենթարկվի: Արցախի Հանրապետության քաղաքացին եւ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ԼՂ պատգամավորության ու նախագահի ընտրություններին մասնակցի: Եթե Ղարաբաղից գալիս ենք, Երեւանում մասնակցում ենք ընտրություններին, ոչ ոք մեզ չի ասում՝ դու քաղաքացի չես, ապա հարց է ծագում, ինչո՞ւ այստեղից գնացողին պետք է ասեն՝ դու քաղաքացի չես։ Այնպես որ, գնալու ենք, այդ բոլոր բարիերները անցնելու ենք»,- ասաց Բաբայանը։

Ես վստահ եմ, որ Մարտի 1-ի հրամանը չի եղել Ռոբերտ Քոչարյանից: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

Հարցին, թե ո՞վ իրավունք ուներ հրաման տալու, Բաբայանը պատասխանեց. «Մենք մոռանում ենք, որ ընտրություն է եղել, այդ ժամանակ արդեն Քոչարյանը հանձնման փուլում էր, 10 օր էլ անցել էր: Մնացածը դուք մտածեք»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի ուղղությա՞մբ է տանում սլաքները, Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ տանում: Քննություն է գնում, ես հո չե՞մ ուղղորդելու, ասեմ՝ գնացեք, սրան քննեք: Քննություն է գնում, թող բացահայտեն: Կատարողները նախարարներն են, որոնք հրաման են տվել ներքևի օղակներին: Ես այդ ժամանակ եղել եմ դեմ այդ իշխանություններին: Ես ընդհանրապես Մարտի 1-ի հետ ոչ մի առումով կապ չունեմ: Ես, որպես քաղաքացի, այս հարցը դնում եմ այսպես՝ ո՞վ է կրակել եւ ինչո՞ւ»:

Հարցին, թե ինչո՞ւ է վստահ, որ Քոչարյանը չի տվել այդ հրամանը եւ ո՞վ տված կլինի Քոչարյանի նախագահության օրոք նման հրաման, Բաբայանը պատասխանեց. «Բոլորն այդ ընթացքում կատարողներից խոսում են՝ կառավարության շենքից: Մեկը չասաց՝ Բաղրամյան 26 են կանչել: Իսկ ո՞վ էր նստած կառավարության շենքում: Վերցրեք քննությունն ու նայեք, մեկը չկա, որ ասում է՝ Բաղրամյան 26: Հարց եմ տալիս, ո՞վ էր նստած կառավարության շենքում: Ռոբերտ Քոչարյանը կառավարության շենքում նստած չի եղել, դրա համար է իմ վստահությունը»:

Հիշեցնենք, Մարտի 1-ի գաղտնի շտաբը գործել է Բաղրամյան 26-ում:

Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստածա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

Հարցին, թե ծանո՞թ է Վահան Շիրխանյանի՝ Քոչարյանին ուղղված նամակին, Բաբայանը պատասխանեց. «Անկեղծ չեմ ընթերցել, Մեղրիի հետ կապված հարց են տվել ինձ, ես պատասխանել եմ: Մեղրին 49 կիլոմետր հատվածով Ղարաբաղի հսկողության ներքո է: Ինչպես իրենք են ասում՝ բանակցություններ էր գնում, որ Մեղրին այդ 49 կիլոմետրը հանձնեն, ես էլ այնտեղ հրամանատար, առանց ի՞նձ էին կարողանալու հանձնել: Ինձ հետ որեւէ հարց չի քննարկվել: Ինձ համար մեծ հաշվով հետաքրքիր էլ՝ չի ինչ են խոսել: Իմ բառերի տակ ոչ մեկի պաշտպանությունը մի փնտրեք: Ես չկամ այդտեղ»:

Հարցին, թե հոկտեմբերի 27-ը ինչի՞ հետ է կապվում, եթե ոչ ներքաղաքական պրոցեսների, Բաբայանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարը ողջ առողջ է, չէ՞: Դատախազությունը, քննիչները պետք է նորից քննություն սկսեն: Հիմա էլ ոչ մեկը չկա չէ՞, որ իրենց խանգարի։ Ազատ քննություն թող սկսեն՝ պարզեն։ Ինձ թվում է, որ իրոք անկեղծ քննություն սկսեն, այն է՛ն, հիմի որ գոռում ա, իրանք մտնելու են էն կամերը։ Ովքեր էն տղայի հետ հանդիպել են մինչև 99 թիվը, հերթով պիտի գնան էդ կամերան։ Իրանք շատ լավ գիտեն՝ իրանք ով են, էս ցիրկ ա, որ խաղում են, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցեն ուրիշի վրա»։

Էդ անձը մտել ա Հայաստան, շփվել ա մարդկանց հետ, ոչ թե շարքային մարդկանց՝ այլ ղեկավար մարմինների հետ, ինչի՞ց է խոսել, ինչի՞ է ինքը պառլամենտից զանգում ոմանց, ասում է՝ եկեք, հավաքվեք, ժողովուրդը հանեք, սա որ պարզեք՝ հասկանալու եք՝ դրդիչը ով ա։ Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...