Բաց նամակ. Ազատամարտիկի այգին 9 տարի առաջ գնել է Հ. Աբրահամյանի կնոջ ընկերությունը, բայց իմանում են հիմա

- in Սոցիալական
Hovik Abrahamyan

ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակով դիմել է ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը: Վերջինս խնդրում է միջոցներ գտնել՝ իր այգին իրենից չխլելու եւ տարիների իր վաստակը չոչնչացնելու համար:

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ք.Երևան, Ն.Շենգավիթ 1փ., 16 տան բնակիչ

Սամվել Հայկի Մկրտչյանից

Հեռ.՝ 010 48 31 74, 055 66 73 89

ԴԻՄՈՒՄ

Ես՝ Սամվել Հայկի Մկրտչյանս, 1990թ.-ից կամավոր զինվորագրվել եմ Արցախյան ազատամարտին և մինչև պատերազմի ավարտը մասնակցել եմ ՀՀ սահմանամերձ գոտիների և ԼՂՀ պաշտպանությանը: Ծառայությունս պատերզմական ժամանակում սկսել եմ «Հատուկ Գնդում» և ավարտել եմ ՀՀ ՊՆ N68617 զորամասում:

1990 – 1992 թթ. Մասնակցել եմ ՀՀ սահմանամերձ գոտիների, ԼՂՀ Շահումյանի և Մարտակերտի շրջանների պաշտպանությանը:

1992 – 1993 թթ. Արդեն որպես «Հատուկ Գնդի» 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ մասնակցել եմ Լաչինի Մարդասիրական Միջանցքի պաշտպանությանը՝ հյուսիսային և հարավային թևերում:

1993 թ Իմ գումարտակով մասնակել եմ Կուբաթլու և Ջաբրաիլ շրջանների ազատագրմանը:

1994թ  Հունվարի 1-ից մինչև զինադադարը իմ գումարտակով ծանր մարտեր եմ մղել թշնամու դեմ Օմարի լեռնանցքի պաշտպանությունում՝ Քելբաջարի շրջանում:

Մարտերի ժամանակ ցուցաբերած անձնական արիության և խիզախության, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում հրամանատարական բարձր ունակություններ դրսևորելու համար հրամանատարության կողմից բազմիցս արժանացել եմ պարգևադրումների՝

ՀՀ Պաշտպանության նախարարի՝          դրամական խրախուսանքներ, Պատվոգրեր, 1993թ. դեկտեմբեր ամսին վաղաժամկետ «մայոր» զինվորական կոչում,

ՀՀ Կառավարությունից՝                             ՀՀ Կառավարության «Շնորհակալագիր»,

ԼՂՀ նախագահից՝                                       «Մարտական ծառայության» մեդալ,

ՀՀ նախագահից՝                                         «Արիության» մեդալ:

Պարգևատրվել եմ նաև «Անբասիր Ծառայության համար 1-ի աստիճանի», «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն», «Առաջին Գունդ» և ԵԿՄ հուշամեդալներով:

Կռիվների ընթացքում վիրավորվել եմ և երկու անգամ, տարել կոնտուզիա: Կոչումով փոխգնդապետ եմ, ՀՀ ԶՈՒ-ից զորացրվել եմ 2008թ. սեպտեմբերին:

Ես ծնվել եմ ք.Երևանում, ապրել և ապրում եմ Ներքին Շենգավիթ 1փողոց, տուն 16 հասցեում: Պապս ու հայրս 1933թ-ից բնակություն են հաստատել Ներքին Շենգավիթ  թաղամասում, աշխատանքի անցել նույն թաղամասում գտնվող կոլտնտեսությունում և հանդիսանում են այդ կոլտնտեսության հիմնադիրներից:

1991թ.-ին երբ Ներքին Շենգավիթ կոլտնտեսությունը, Ն.Շենգավիթի այն ժամանակվա ղեկավարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայրս ու պապս 1933թ-ից եղել են կոլտնտեսության աշխատողներ, իսկ ես 1990թ.-ից կամավոր գնացել եմ կռվի, ինձ ու մեր ընտանիքի անդամներին (թվով 12 անձ) վարձակալության պայմանագրով Ն.Շենգավիթի լուծարված կոլտնտեսության հողերից գյուղատնտեսական օգտագործման համար հատկացրին 0,4հա (4000քմ) տարածք:

Մինչ այսօր  28 տարի շարունակ ես կանոնավոր վճարել եմ տվյալ տարածքի հողի և ոռոգման ջրի հարկերը: Տարածքը ջրելու համար իմ համեստ նյութական միջոցներով և սեփական ուժերով կառուցել եմ ոռոգման ցանց: Ամբողջովին ծառատունկ եմ կատարել և տարածքը վերածել գեղեցիկ պտղատու այգու: Տարածքը ցանկապատել եմ փշալարով և մետաղյա ցանցով: 2005թ.-ից սկսած Ն.Շենգավիթի թաղապետարանը վարձակալության պայմանագիրը անհիմն կերպով չի երկարացրել ոչ միայն իմ, այլև ամբողջ տարածքը վարձակալողների հետ: Չնայած դրան, ինչպես նշեցի վերևում, ես շարունակում են հողը մշակել և տնօրինում եմ այն:

2008թ. ես երկու անգամ դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով կնքել նոր վարձակալության պայմանագիր հողօգտագործման վերաբերյալ, սակայն ստացել եմ չհիմնավորված մերժում:

Չհուսահատվելով՝ ես ավելի համառորեն եմ մշակել տարածքը, ինքս իմ առջև խնդիր եմ դրել այն դարձնել զբոսայգի՝ ազատամարտիկների անունով, որտեղ յուրաքանչյուր ծառ կկրի մեր զոհված ընկերնեից մեկի անունը, ամեն տարի կծաղկի, բերք կտա և մշտապես կհիշեցնի այն մասին, որ նրանք ևս ողջ են ու թեև ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես ներկա են մեր կյանքում:

Այս տարի ապրիլ ամսից եկան ինչ-որ մարդիկ և ասացին, որ այս տարածքները 2010թ.-ին գնել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն և այստեղ պիտի կատարվեն շինարարական աշխատանքներ: «Արտաշատ Սիթի» ՍՊ ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետային:

9 տարի առաջ Երևանի քաղաքապետի 23.08.2010թ.-ի N3873-Ա որոշումով «աճուրդով» վաճառվել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ին: Կատարվել է այն, ինչ կատարվում էր Հայաստանում մինչև հեղափոխությունը: Ժողովրդից թալանած փողերով «Մուկը» իբր գնել է ինձ վարձակալության հանձնած հողը և ես այդ մասին իմանում եմ հիմա:

Խնդրում եմ Ձեզ կարգադրել համապատասխան մարմիններին զբաղվել այս հարցով, չթողնել այդ բարբարոսներին ոչնչացնելու 5000քմ տարածքի վրա հիմնված իմ դրախտ այգին, հանձնեք այն քաղաքապետարանի տնօրինությանը, հարյուրավոր մրգատու և դեկորատիվ ծառերը չկտրել, այգին չոչնչացնել, փակեք այդ վանդալների ճանապարհը:

Ազատամարտիկ, փոխգնդապետ՝                                    Ս.Մկրտչյան

10.04.2019թ.

ԱՅԳՈՒՄ ՊՏՂԱՏՈՒ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՔԱՆԱԿԸ

հ/հ Ծառի անվանումը Քանակը
1 Տանձենի 56
2 Խնձորենի 80
3 Սալորենի 45
4 Ծիրանենի 14
5 Դեղձենի 15
6 Սերկեֆիլ 8
7 Ընկուզենի 26
8 Բալենի 39
9 Դեկորատիվ (ուռենի, բարդի, չինարի) 84
10 1-3 տարեկան տնկիներ 40